‘Երևանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված’

728

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 1,3 անգամ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Եթե մարտի 4-ից 10-ն արձանագրվել է հիվանդության 8433 դեպք, ապա մարտի 11-ից 17-ը` 11404: Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքներով վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության աճ է արձանագրվել հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչի արդյունքում Երևանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված։

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ անկախ այդ հանգամանքից, բոլոր հիվանդները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ելնելով իրավիճակից` ուժեղացվել է հսկողությունը նախադպրոցական կազմակերպություններում։

Ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում բուժում են ստանում`

Մարզերում`
սուր շնչառական վարակներով` 270 հիվանդ,
թոքաբորբերի թեթև ձևերով` 90 հիվանդ,

Երևանում`
սուր շնչառական վարակներով` 384 հիվանդ,
թոքաբորբի թեթև ձևերով` 89 հիվանդ:

Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Վերջին շաբաթվա ընթացքում իրականացվել է լաբորատոր 86 հետազոտություն, որի արդյունքում 20 դեպքում հայտնաբերվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, 25 դեպքում` գրիպի Բ տեսակը, իսկ մնացած դեպքերում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր iLur.am-ը 2013 թվականի մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրվել է 7 տարեկան երեխայի մահվան դեպք։ Երեխայի մոտ գրեթե մեկ շաբաթ նկատվել են գրիպանման երևույթներ, սակայն բժշկական օգնության չեն դիմել։ Հետագայում երեխայի մոտ զարգացել է շնչառական անբավարարություն: Երեխայի եղբայրը ևս հիվանդ է գրիպով։ Նա հոսպիտալացվել է ժամանակին և ստացել անհրաժեշտ բուժում, ինչի արդյունքում ունի առողջացման դրական տեղաշարժ։ Նրա մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, իսկ մահացած երեխայի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են։

Նախորդ հոդվածը‘Ավտովթարից մահացել է Սուրենավանի գյուղապետը’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանի առաջին օգնականը ազատվել է պաշտոնից’