‘Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները քննարկում են գործադուլի դիմելու հնարավորությունը’

1273

Ինչպես արդեն հայտնի է, Պարտադիր կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծվել է մի առեղծվածային իրավիճակ: Մի կողմից՝ ՍԴ-ն, մինչև վճռի կայացումը, դադարեցրել է օրենքի պարտադիր բաղադրիչների գործողությունը, բայց մյուս կողմից՝ ՊԵԿ ներկայացվող եկամտահարկի հաշվարկի էլեկտրոնային հաշվետվությունը հնարավոր չէ ուղարկել՝ մինչև պարտադիր կենսաթոշակայինի հետ կապված դաշտերը լրացված չլինեն:

Մենք նաև տեղեկացրել ենք, որ պետական հիմնարկների աշխատողներին ստիպում են «կամավոր» կենսաթոշակային կուտակային վճարներ կատարել, և դա արվում է այն նպատակով, որպեսզի մինչև ՍԴ վերջնական որոշումը պատրանք ստեղծվի, թե, չնայած պարտադիր բաղադրիչի կասեցմանը՝ բազմաթիվ մարդիկ «իրազեկված են և վստահությամբ լի», հետևաբար` կամավոր կերպով սկսել են օգտվել համակարգից: Ինչպես միշտ, ճնշումներ են գործադրվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների աշխատակիցների վրա: Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ, մասնավորապես, Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի, դպրոցների և մանկապարտեզների աշխատողների վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի վերջիններս «կամավոր» վճարումներ կատարեն կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ընտրեն կուտակային համակարգի ֆոնդ: Եվ ահա այսօր նման տեղեկատվություն ստացանք նաև Երևանի Մետրոպոլիտենից:

Մետրոպոլիտենի մի խումբ աշխատակիցներ նամակով դիմել են մեր խմբագրություն և պատմել են, որ իրենց հունվար ամսվա աշխատավարձը տրվել է 5% պահումով: Աշխատակիցների զարմանքին հաշվապահությունից պատասխանել են, որ նախնական որոշում կար չպահել այդ 5%-ը, սակայն վերջին պահին Մետրոպոլիտենի տնօրինությունը հրահանգ է ստացել քաղաքապետարանից: Աշխատակիցները, որոնք խնդրում են չնշել իրենց անունները, նաև պատմում են, որ եթե մինչ այժմ չէին մասնակցում պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ իրականացվող հանրահավաքներին և բողոքի ցույցերին՝ զբաղվածության պատճառով, ապա այժմ, անկախ ամեն ինչից, լինելու են պայքարի առաջին շարքերում:

Հավելենք նաև, որ Մետրոպոլիտենի մեր հավաստի աղբյուրների պնդմամբ՝ Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ քննարկում են գործադուլ հայտարարելու հնարավորությունը:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երևանի Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Մենք պատրաստ ենք հրապարակել Երևանի Մետրոպոլիտեին պարզաբանումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Երթ-հավաք Վանաձորում՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ից կբարձրանա 5-7 աստիճանով’