‘Երևանի քաղաքապետարանի ջանքերով մայրաքաղաքն աստիճանաբար վերածվում է «պոտյոմկինյան գյուղի»’

1016

Երևանի քաղաքապետարանի ջանքերով մայրաքաղաքն աստիճանաբար վերածվում է «պոտյոմկինյան գյուղի»: Համենայն դեպս, այդ են վկայում քաղաքի «բարեկարգման համար» ծախսված գումարներն ու անբարեկարգ Երևւանը:

2013 թվականը նշանավորվեց Երևանի փողոցների բուռն ասֆալտապատմամբ: Սակայն, ինչ-որ տարօրինակ տրամաբանությամբ, ասֆալտապատվում էին և շարունակվում են  ասֆալտապատվել միայն Կենտրոն համայնքի փողոցները, ինչպես նաև դեպի նույն համայնք տանող Իսակովի, Արշակունյաց պողոտաները և այլն: Ուշագրավ է, որ ասֆալտապատվող բոլոր փողոցների ծածկույթի վիճակը, իհարկե, կատարյալ չէր, սակայն, ասենք, Շենգավիթի քարուքանդ փողոցների համեմատ ամերիկյան հայուեյի մարմնավորում էին: Հենց նույն Արշակունյաց պողոտայի նոր ասֆալտը, չգիտես ինչու, ավարտվում է  Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի մոտ: Հիմնական ճանապարհի շարունակությունը, որը տանում է դեպի քաղաքի ելք Արցախի ուղղությամբ, Նորագավիթով, իրենից ներկայացնում է համատարած դարուփոսեր: Համանման տեսք ունի այլընտրանքային ճանապարհը, որն անցնում է հարավային ուղղությամբ` «Նաիրիտի» մոտով:

Մինչդեռ նոյեմբերի 4-ին տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը 2014 թվականին շուրջ 5,2 մլրդ դրամ կհատկացնի Երևանի փողոցների բարեկարգման համար: Մասնավորապես, ընթացիկ վերանորոգման և ասֆալտի ճեղքերը լցնելու համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 284 մլն դրամ, նույնքան, որքան 2013 թվականին: Փողոցների լուսավորման համակարգի շահագործման ծախսերը կկազմեն 1 մլրդ 972 մլն դրամ` 2013 թվականի 1 մլրդ 696 մլն համեմատ: Ուստի կարելի է ենթադրել, որ կենտրոնական փողոցների ասֆալտը հաջորդ տարի կրկին կքերեն, հոգատարությամբ կվեաձուլեն և դարձյալ տեղը կդնեն, ինչի վրա էլ կգնան բոլոր այդ միլիարդները:

Ընդհանուր առմամբ, ստեղծվում է տպավորություն, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմը վատնում է հանրային միջոցները, շեշտադրում կատարելով ոչ թե բովանդակության, այլ անճաշակ ձևի վրա: Անկհայտ է, որ դրոշներ կախելու, նստարաններ տեղադրելու և շենքերի կամարներն ու պատերը ծիածանի բոլոր գույներով ներկելու, արհեստական սիզամարգերում տարբեր կենդանիների ու թռչունների լուսավորված արձաններ տեղադրելու փոխարեն քաղքապետարանը կարող էր մտահոգվել կոյուղու քայքայված համակարգով, շենքերի վերելակներով ու տանիքներով: Միայն շենքերի 130 կամարների վերանորոգման և զարդարման համար ծախսվել է 170 մլն դրամ: Երևանի կենտրոնում տեղադրված 600 նստարանները հարկատուների վրա նստել են 99 մլն դրամ: Այդպիսով, այդ նստարաններից յուրաքանչյուրի վրա ծախսվել է 165 հազար դրամ: Նշենք, որ ողջ այդ անհեթեթության դիմաց վճարվում է մայրաքաղաքի բյուջեից, որն ունի 400 մլն դրամ դեֆիցիտ, իսկ պայմանագրերը կապալառուներին տրամադրվում են առանց հայտամրցույթի:  

Սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ այդ ամենի մասին խոսելը լրագրողների համար, գործնականում, անհնար է: Իսկ քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Գևորգյանը հարց տալու փորձին պատասխանում է հիստերիկ ճիչերով: Համենայն դեպս, այդպես եղավ անմիջականորեն իր իրավասությունից և պատասխանատվությունից բխող հարցի վերաբերյալ նրանից պարզաբանում ստանալու ԱրմԻնֆոյի փորձից հետո:

Արմինֆո 

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սաուդյան Արաբիայի փոխարեն կլինի Հորդանանը’
Հաջորդ հոդվածը‘Միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Սիրիայի կարիքավորներին’