‘Երևանում բացվել է տարածաշրջանում նախադեպը չունեցող գծային արագացուցիչը (ֆոտոշարք)’

1152

Հուլիսի 22-ին ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ ԱՐԵԱԼ (AREAL-Advanced Research Electron Accelerator Laboratory) գիտահետազոտական գծային արագացուցչի բացման պաշտոնական արարողությունը:

Բացման խոսքով հանդես եկավ ՔԵՆԴԼ նախագծի ղեկավար Վասիլի Ցականովը, իսկ արարողությունը բացելու պատիվը վստահվեց ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանին և Գերմա­նիայի DESY արագացուցչային կենտրոնի ներկայացուցիչ Վ. Դեկինգին: Բացման խոսքում նրանք ներկայացրին ԱՐԵԱԼ արագացուցչի ստեղծման պատմությունը, նրա գիտական նշանակությունը և հայ գիտնականների աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրենց ակնկալիքները: Ցուցադրվեց նաև արագացուցչի գործարկման մասին տեսանյութ:

 ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը նշեց, որ ԱՐԵԱԼ գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցման նախագծի գաղափարը ձևավորվել է 2011 թ-ին՝ միջազգային փորձագետ­երի հետ քննարկումների արդյունքում: Այդ ժամանակ առաջարկվել է ՔԵՆԴԼ նախագծի փուլային իրագործում՝ համեմա­տաբար փոքր, իրենից ինքնուրույն գիտական արժեք ներկայացնող, արագացուցչային ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումներին համապատաս­խանող և փորձարա­րական հետազոտությունների հեռանկարային ուղղություններ զարգացնող ծրագրի իրականացում:

Ինչպես բացման խոսքում նշեց ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը՝ ԱՐԵԱԼ նախագիծն իր համարժեքը չունի ողջ տարածաշրջանում: ԱՐԵԱԼ-ը հնարավորություն է տալու ստանալ էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամա­նա­կակից փնջերի ֆիզիկայի և արա­գա­ցուցչային տեխնիկայի հեռա­նկա­րային բնագավառներից է և գերակա ուղղություն է աշխարհի շատ առաջատար կենտրոն­ների համար: Այն թույլ կտա ժամանակակից փորձարարա­կան հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառա­գայթ­ման աղբյուրների և արագ պրոցեսների դինամիկայի ուսում­նաս­իրման ուղղություններով և կարևոր գիտական ու կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսա­բա­նու­թյան, քիմիայի և նյութա­գիտու­թյան բնագավառների առաջատար փորձա­րա­րական հետազոտու­թյուն­ների համար:

ԱՐԵԱԼ արագա­ցուցչի կառուցման արդյունքում Հայաստանում կստեղծվի էլեկտրոնային արագացու­ցիչների և դրանց կիրառման ժամանակակից գիտահետա­զոտական լաբորատո­րիա, կձևավորվի ՔԵՆԴԼ հիմնական արագացուցչի կառուցմանը պատրաստ գիտնական­ների և ինժեներների անձնակազմ, կփորձարկվեն ՔԵՆԴԼ հիմնական արագացուցչի համակարգերի տեխնի­կական լուծումները:

 ԱՐԵԱԼ նախագիծն իրագործվել է Գերմա­նիայի DESY ու Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակ­ցու­թյամբ: Նախագծին խորհրդատվական լուրջ ծառայություններ են մատուցել ռուս, չինացի, ամերիկացի, ֆրանսիացի և իտալացի գիտնականները:

 ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «ՔԵՆԴԼ» կենտրոնի ջանքերով 2010-2014 թթ. պաշտոնական բանակցություններ են կայացել և համագործակ­ցության հուշագրեր են կնքվել Ֆրանսիայի Ատոմային էներգիայի դեպարտամենտի, Գերմանիայի DESY արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի ազգային արագացուցչային կենտրոնի, «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային կենտրոնի, Իտալիայի ELETTRA արագացուցչային կենտրոնի և  Չինաստանի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի (SINAP) հետ:

Ներկայումս հաջողությամբ ավարտված են ԱՐԵԱԼ արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկում­ները, 2013թ. դեկտեմբերի 20-ին ստացվել է AREAL-ի  առաջին էլեկտրոնային փունջը, իսկ վերջնական  գործարկումը նախատեսվում է 2014 թ. նոյեմբերին: 2013թ. սեպտեմբերին ինստիտուտում մեկնարկել են նաև AREAL լազերային համակարգի հիման վրա DELTA գերարագ պրոցեսների մասնագիտացված փորձարարական լաբորատորիայի ստեղծման աշխա­տանք­ները:

 ԱՐԵԱԼ գիտահետազոտական արագացուցչի արժեքի հիմնական մասը (25 մլն եվրոյի չափով) տրամադրել են եվրոպական խոշոր գիտական կենտրոնները, մասնավորապես՝ DESY-ն և PSI -ն: Մնացածը գումարը (350 մլն դրամ) հատկացրել է մեր պետությունը: Արդեն 30 երիտասարդ գիտնական է վերապատրաստվել արտասահմանյան այդ կենտրոններում:

 Այս տարի մայիսին Գիտության պետական կոմիտեն հայտարարել է գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ, որի արդյունքում ընտրված 5 գիտական թեմաները կիրականացվեն ԱՐԵԱԼ գծային արագացուցչի վրա:

Նախորդ հոդվածը‘Դատարանը, առանց հիմնավորման, չի հարցաքննել Վալերի Օսիպյանին’
Հաջորդ հոդվածը‘Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցից’