‘Երևանում ֆրանսիական լիցեյ կբացվի’

1407

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր ստորագրել են կրթական համագործակցության հուշագիր՝ Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ:

Այս փուլում թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարան կձևավորվի, զուգահեռ աշխատանքներ կտարվեն կրթության բովանդակության ձևավորման, մասնագետ-ուսուցիչների վերապատրաստման և Հայաստանի հանրակրթության ոլորտի ֆրանսերենի դասավանդման լավագույն փորձը կենտրոնացնելու ուղղությամբ»,- նշել է նախարարը և հավելել, որ դպրոցի լավագույն շրջանավարտները, ըստ համաձայնագրի, բացի ՀՀ հանրակրթական դպրոցի ավարտական վկայականից, կստանան նաև ֆրանսիական կողմից տրված համապատասխան վկայական, որը կհավաստի աշակերտի լեզվական իմացության համապատասխան մակարդակը: Այս մասին հաղորդում է panarmenian.net-ը:

Նախարարը նաև շեշտել է, որ դա հնարավորություն կընձեռի ֆրանսիական լիցեյի շրջանավարտներին ընդունվել Ֆրանսիայի լավագույն բուհեր

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ևս կարևորել է Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու գաղափարը՝ շեշտելով, որ Հայաստանում իր գործունեության երկու տարիների ընթացքում արդեն երրորդ պայմանագիրն է ստորագրվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Դեսպանը նշել է, որ այս պահին դրվում է ֆրանսիական լիցեյի հիմնադրման առաջին քարը:

«Թիվ 119 ավագ դպրոցում գործող երկլեզու կրթությամբ դասարանները կարող են դառնալ Հայաստանում ֆրանսիական լիցեյի կրթական ծրագրի հիմքը»,- նշել է Ա. Ռենոն և ավելացրել, որ իրենք հեռահար նպատակ ունեն ապահովելու բակալավրի ծրագրով կրթություն:

Դեսպանը տեղեկացրել է, որ ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել լավագույն աշակերտների համար սահմանել կրթաթոշակներ, ինչպես նաև ստանձնել է ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպումն ու ֆրանսերեն դասավանդողների վերապատրաստումը: Դպրոցում նախատեսվում է իրականացնել «Ֆրանսերեն լեզու» և «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում` որպես հիմնական ծրագրային և «Ֆրանսիայի պատմություն և աշխարհագրություն», «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաների ուսուցում` որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ` գնահատման համակարգի կիրառմամբ:

Ծրագիրը ներդրվելու է տարեկան մեկ դասարանում մեկ մակարդակ ներդնելու սկզբունքով` սկսած 2013-2014 ուսումնական տարվանից: Ֆրանսիական կողմը պարտավորվում է աջակցել կրթական ծրագրի մշակմանն ու իրագործմանը՝ ապահովելով անհրաժեշտ մեթոդական աջակցություն, ծրագրերի շարունակականություն, դասավանդողների պարբերաբար վերապատրաստումները ֆրանկոֆոն միջավայրում:

Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանը ավարտելու վերաբերյալ սովորողին կտրամադրվի լրացուցիչ դասընթացներին մասնակցելու մասին տեղեկանք` նշելով սովորողի ստացած գնահատականները, իսկ 12-րդ դասարանի ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած լավագույն սովորողները կստանան Ֆրանսիական ծրագրերն ավարտելու մասին վկայական:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը վաղը Երևան-Մոսկվա-Լոնդոն չվերթով մեկնելու է Մեծ Բրիտանիա’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ղեկավարների հայտարարությանը’