‘Երևանցիները ենթարկվում են կտտանքների, բայց քաղաքապետարանում գիտեն մարդկանց դրությունը. Մամուլ’

996

«Երևանի քաղաքային իշխանությունները հետևողականորեն ամեն ինչ անում են մայրաքաղաքի բնակիչների առօրյան «դժոխքի » վերածնելու համար: Ցանկացած երևանցի իր տնից աշխատավայր կամ որևէ այլ տեղ հասնելու համար ենթարկվում է իսկական կտտանքների՝ կանգառներում ժամերով սպասելով քաղաքային տրանսպորտի, ապա վայելում հոտավետմ կեղտոտ երթուղայիններում թրտնաթոր մարդկանց հետ ճզմված երթևեկելու բերկրանքը: Դժողքը կատարյալ դարձնելու համար քաղաքապետարանը ամենաշոգ և պիկ ժամերին ասֆալտապատման աշխատանքներ է նախաձեռնում մարդկանց ստիպելով հոտավետ տրանսպորտում , խցանման մեջ անվերջ թվացող ժամեր անցկացնել»,- գրում է «ՀԺ»-ն և հրապարակում խցանված Արշակունյաց պողոտայի երեկ արված լուսանկարը և ապա հավելում. «Երևանի քաղաքապետարանը փողոցների ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է կեսօրին, ինչի պատճառով արդեն քանի օր է մայրաքաղաքի փողոցներում խցանումների շքահանդես է։ Աշխարհում ընդունված է փողոցների բարեկարգումն իրականացնել գիշերային ժամերին, որպեսզի երթևեկությունը կաթվածահար չլինի։ Մեզ մոտ ուրիշ է։ Մոտ տասը օր է՝ շինարարներն ասֆալտապատելու համար փակել են Բագրատունյաց փողոցի մեկ երթևեկելի գոտին, ինչի պատճառով ամեն օր խայտառակ խցանումներ են։ Երեկ մի քանի ժամ շարունակ խցանված էր նաև Արշակունյաց պողոտան։ Այդ պահին, ըստ «Հայպետհիդրոմետի» ջերմաչափի, Երևանում 40 աստիճան էր։ Որոշ ավտոմեքենաներ խափանվել էին՝ ռադիատորի ջրի եռման պատճառով։ Սա քիչ էր, խցանման մեջ իրար բախվեցին «8» համարի երթուղայինն ու «ԼԱԴԱ» մակնիշի ավտոմեքենա, ինչը կրկնակի խցանում առաջացրեց։ Եթե սովորական պայմաններում 2-3 րոպեում կարելի է կտրել Արշակունյաց պողոտան, ապա երեկ վարորդները չգիտեին, թե որքան կարող են մնալ խցանումների մեջ»: Թերթի թղթակիցը Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալին խնդրել է մեկնաբանել իրավիճակը։ Վերջինս ստանդարտ և անորոշ պատասխաններ է տվել, բայց հարցին , թե վարչության պետը ծառայողական մեքենա ունի՞ տվել է սպառիչ պատասխան. «Այո։ Բայց դա կապ չունի։ Վարչության պետը ամբողջ օրը դրսում է, գիտի մարդկանց դրությունը»։

Նախորդ հոդվածը‘Տարածաշրջանում ամենասուտասանը՝ Է.Շարմազանովն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Չինովնիկները բուժվում են արտասահմանում, իսկ աղքատները «տառապում» են Հայաստանում. Մամուլ’