‘Երևան քաղաքի ամբողջական վաճառքի մասին խոսք լինել չի կարող. Մամուլ’

1020

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Չփորձե՛ք փողով գնել Երևանը: Երևանը և երևանցին չեն վաճառվում» հայտարարել է ՀՀ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը:

«ՉԻ» — Այո, ծանր դեպք է: Փաստորեն՝ տարիներ շարունակ ընտրակաշառք բաժանած քաղաքական ուժի ներկայացուցիչը կոչ է անում ընտրակաշառք չբաժանել: Բայց մեզ, անկեղծ ասած, ավելի շատ զվարճացնում է «Երևանը և երևանցին չեն վաճառվում» արտահայտությունը: Երևանցիների «մոմենտով» հիմնականում ճիշտ է, բայց որ Երևանը չի վաճառվում… Մի քանի ամիս առաջ, եթե հիշում եք, կարկառուն հանրապետական Արման Գալուստիչը հայտարարեց, թե եթե լավ գին տվող լինի՝ ցանկացած շենք էլ վաճառվում է: Դա, ի դեպ, ասում էր արտգործնախարարության շենքի վաճառքի թեմայի շրջանակներում:

Բայց Կարեն Ավագյանն, իհարկե, իրավացի է: Երևանը չի վաճառվում: Վաճառվում են միայն շենքերը, պուրակները, մայթերը, այգիները, կոմունիկացիաները, ստորգետնյա անցումները, կինոները, թատրոնները, ստադիոնները, կրկեսը, թանգարանները, և վերջ: Իսկ քաղաքի ամբողջական վաճառքի մասին խոսք լինել չի կարող: Չնայած՝ եթե լավ գին տան…

Նախորդ հոդվածը‘Վրաստանը թափոնների վերամշակման օրինագիծ է ներկայացնում’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի գրոհայինների կողմից առևանգված լրագրողուհի Անխար Կոչնևան որոշել է հրապարակել իր օրագիրը’