‘Եւ դարձյալ Ղարաբաղի ու իշխանափոխության մասին ‘

1643

«Ղարաբաղին ու Հայաստանին սպառնացող վտանգների հաղթահարման միակ ելքը

իշխանափոխությունն ու օրինական ընտրությունների միջոցով ձեւավորված

իշխանության հաստատումն է, որը զերծ կլինի

լեգիտիմության պակասի, կոռումպացվածության պատճառով

անհարկի զիջումների ու, մեծ հաշվով,

ազգային դավաճանության գնալու հարկադրանքից»:

Լեւոն ՏերՊետրոսյան

2010թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաք

 

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը երեկ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) եւ նրանց ուղեկցող անձանց: Շարունակության մեջ մանրամասնվել է, թե նախագահ Սահակյանը գործընթացի առանցքային նախապայմաններից է համարել պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումը եւ Ադրբեջանի կողմից ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականության դադարեցումը:

Առաջին հայացքից թվում է՝  արցախյան կողմը ճշգրիտ, գրագետ տեքստ է բոլորիս հրամցրել: Վաղուց ժամանակն էր, որ նրանք, ում ճակատագիրը քննարկվում է կլոր սեղանների շուրջ, կարողանային անձա՛մբ նստած լինել այդ սեղանների մոտ: Մյուս կողմից էլ, սակայն, թվացյալ շատ բան չասող այս հաղորդագրությունն իրականում դիվանագիտական պատասխան է նաեւ իր հայրենիքու՛մ առայժմ խուլ դիմադրության արժանացող Սերժ Սարգսյանին ու առհասարակ այն քաղաքականությանը, որ Քոչարյանից սկսած է վարվում Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերում:

Իսկ ի՞նչ է պատահել՝ կհարցնեք:

Բանն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Երեւանում հնարավոր է համարել Թուրքիայի ներգրավումը Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում, իսկ պաշտոնական Երեւանը ոչ միայն ըստ էության պատասխան չի տվել հիշյալ հայտարարությանը, այլեւ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են գաղտնազերծում այն մասին, թե իրականում Սերժ Սարգսյանն ի՛նքը դեմ չի եղել իրադարձությունների նման զարգացմանը, եւ որ նույնիսկ Անկարային է ներակայացվել, այսպես կոչված՝ ճանապարհային մի քարտեզ, որում Թուրքիան եւս գործող անձի կարգավիճակում է հանդես գալիս…

Հիմա, իհարկե, հասկանալի է, որ արցախյան կողմը չի կարող կամ չի՛ ուզում բացեիբաց ընդունել իր մեղքն այն հարցում, որ ժամանակին կանգնելով միայն իր անձով միաժամանակ երկու հայկական պետությունները ներկայացնելուն հավակնող Քոչարյանի կողքին եւ օժադակելով 1998-ի պետական հեղաշրջմանը Հայաստանում՝ հենց ի՛նքն է նպաստել, որ  ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Քոչարյանը  Ղարաբաղին առհասարակ դուրս թողնի բանակցային գործընթացից, իսկ Սերժ Սարգսյանն էլ այդ փաստին իրավական ուժ տա Մայնդորֆյան հռչակագրով։

Ուրեմն, ինչ է մնում անե՞լ՝ հայտարարել այն, ինչ հայտարարված է, եւ ինչպես պնդում են արցախյան մեր աղբյուրները՝ այդ դեպքում արդեն դեմ դուրս գալ նույնիսկ Սերժ Սարգսյանին…

Իրերի դրության ռեալ վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ արցախյան կողմի այս հայտարարությունը, ցավոք, շատ նման է ընթրիքից հետո մանանեխ ուտելուն: Իսկ չորս տարի շարունակ Եվրոպա գնացող իշխանության՝ մի գիշերում Մաքսային միության տարածքում հայտնվելու փաստը գալիս է ապացուցելու, որ իրադարձությունները կարող են այնքան արագ զարգանալ, որ Բակո Սահակյանը չհասցնի նույնիսկ ետահայց կերպով անդրադառնալ կատարվածին:

Ինչ է անհրաժեշտ անել այս պարագայում եւ այն էլ՝ հապշտապ, ակնհայտ է. ԼՂՀ իշխանությունն ուղղակի պարտավո՛ր է հայտարարել, որ ազատագրված տարածքները շարունակում է համարել իր երկրի անբաժանելի մասը, որ ինքը որեւէ մեկին չի արտոնել դրանք մանրադրամ դարձնել բանակցությունների սեղանին, իսկ որ ամենակարեւորն է՝ Սերժ Սարգսյանից պիտի պահանջի՝ չվերսկսե՛լ բանակցությունները, բացառել ցանկացած շփում որեւէ կողմի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը գործող անձի կարգավիճակ նորից չի ստացել: Կարճ ասած՝ չմիջամտել իր երկրի ներքին գործերին…

Իսկ թե դրանից հետո ինչ կպարզվի, ինչպես եւ ումից կիմանանք, թե ով է Թուրքիային հրավիրել Ղարաբաղ՝ Սերժ Սարգսյանը, Արեւմուտքը, Մոսկվան, թե Էրդողանն ինքն է անկոչ հյուրի պես  մեջ ընկել, արդեն կարեւոր չէ:

Այս պահին կարեւոր չէ նաեւ, թե հակամարտությունն ի՛նքը ինչպես կլուծվի: Կարեւորը՝ ընտրված եւ ժողովրդին հաշվետու իշխանություն դրանով զբաղվի: Այնպես որ, օրվա հրամայականը ԼՂՀ իշխանությունների՝ Ղարաբաղն առժամանակ գոնե այս կերպ ապահովագրելու քայլը պիտի լինի, մինչեւ մենք այստեղ իշխանափոխության թեման այլեւս կատարված փաստ դիտարկենք…

Հ. Գ. Ցավալի է, իհարկե, որ ողջ եվրոպական ատյանում չկա գեթ մի երկիր, ով մի մեծ չափով էլ մե՛ր անձեռնհասության պատճառով մեզ կօգներ իրադարձությունների ընթացքը հենց այս կերպ եւ առանց ցնցումների դասավորել, բայց, մյուս կողմից էլ՝ ի՞նչ են անելու՝ հո չե՞ն ռմբակոծելու երկու հայկական պետությունների ամբողջ ժողովրդին՝ «հույժ գաղտնի» նշանաբանով եւ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն իր ուզածն ստանա այս հակաքաղաքակրթական վարչակարգից….

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Դե!մ եմ . Կուտակային ֆոնդերի «պայթելու» դեպքում վճարելու ենք սեփական գրպաններից (սոցիալական հոլովակ)’
Հաջորդ հոդվածը‘Երեւանցիներն ընտանի կենդանիներ պահելու համար տարեկան 5000 դրամ պետք է վճարեն’