‘Ե. Բոզոյան. «Եթե իշխանափոխություն չլինի, Հայաստանը լրջագույն խնդիրներ կունենա զուտ պետականության իմաստով»’

1221

iLur.am-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

-Սերժ Սարգսյանի այս 180 աստիճան արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքական դաշտի վրա:

-Իշխանափոխությունից հետո միայն հերձումը ցույց կտա, թե Հայաստանն ինչքանով կարող է հետդարձ կատարել, որովհետև դա բարդագույն խնդիր է: Պատկերացրեք, եթե մարդը հիվանդ է և վիրահատության առջև է կանգնած, նույնիսկ եթե վատ բժիշկներին լավ բժիշկներով փոխարինենք, հիվանդը կարող է փրկվել կամ չփրկվել: Եթե օբյեկտիվ գնահատական եք ուզում, այդ հարցի պատասխանը չունեմ, բայց եթե իշխանափոխություն լինի, միանշանակ՝ այդ հնարավորությունը կա, որ Հայաստանը իսկապես հետդարձ կարող է կատարել: Ես չեմ ասում, որ այդ հնարավորությունը հարյուր տոկոսանոց է, բայց այն կա: Հայաստանը վերջին տարիների ընթացքում այնքան է թուլացել, ուղղակի փլուզում է տեղի ունեցել, տնտեսություն պարզապես գոյություն չունի, սոցիալական ուղղակի երկրաշարժ է տեղի ունեցել, թեկուզ պաշտոնական տվյալներով՝ մի քանի հարյուր հազար մարդ արդեն արտագաղթել է Հայաստանից, շուկան է էապես փոքրացել, բիզնեսը, ըստ էության, դարձել է ոչ եկամտաբեր, ոչ մրցունակ, և մարդիկ պարզապես զգում են, որ Հայաստանը անհեռանկարային տարածք է բիզնեսի  համար:

-Համաձա՞յն եք, որ այսօր իշխանափոխությունը թիվ մեկ քաղաքական առաջնահերթություն է:

Եթե իշխանափոխություն չլինի, Հայաստանը լրջագույն խնդիրներ կունենա զուտ պետականության իմաստով: Որպեսզի իշխանափոխություն լինի, Հայաստանի քաղաքական վերնախավը իսկապես պետք է լրջագույն ձևով գիտակցի դրա անհրաժեշտությունը, որովհետև դրա գիտակցումը շատ կարևոր է: Ցավոք սրտի՝ մեր հասարակությունը մինչև վերջ չի պատկերացնում, թե ինչ վիճակի մեջ ենք մենք հայտնվել, և քանի որ հասարակությունը քնած է, օբյեկտիվորեն՝ քաղաքական ուժերն էլ չեն կարող շատ ակտիվ լինել, և արդյունքում՝ անտարբեր հասարակությունը բերում է նրան, որ իշխանափոխության խնդիրն էլ է դառնում պրոբլեմատիկ:

Ես այնուամենայնիվ, կարծում եմ, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը պարտավոր են կոնսոլիդացնել այն զանգվածներին, որոնք, այնուամենայնիվ, վեր են դասում հանրային շահերը անձնական շահերից, և ստեղծել մեկ միասնական բռունցք: Դա բարդ խնդիր է՝ կապված շատ խնդիրների հետ, բայց դա ուղղակի անհրաժեշտ է:

Մտածող զանգվածը պետք է կոնսոլիդացվի, պետք է ձևավորի օրակարգ, թե ինչ պետք է անի Հայաստանը, և պետք է կազմի ճանապարհային քարտեզ, թե ինչպես պետք է անել այդ իշխանափոխությունը, որպեսզի հանրությունը պատկերացնի, թե ինչի համար է այդ իշխանափոխությունը, և ուր պետք է գնա Հայաստանը: Այդ երկու խնդիրը շատ կարևոր է Հայաստանի համար:

-Իշխանության «փաստաբաններն» ու լրատվամիջոցները պնդում են, որ եթե Հայաստանը անգամ չպատրաստվեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել, միևնույն է, Հայաստանը Մաքսային միություն մտցնելու՝ Ռուսաստանի պարտադրանքը անխուսափելի էր, ի՞նչ կասեք այս մասին:

-Դա խաբկանք է, այդ ճնշումը գործադրվեց Հայաստանի իշխանությունների վրա միայն այն պատճառով, որ Ռուսաստանում առաջացավ կասկած, որ Հայաստանը փորձում է Եվրոպայի հետ նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, և Ռուսաստանի մոտ մտավախություն առաջացավ, որ Հայաստանը փորձում է «թռնել»: Եթե Հայաստանը նախաստորագրեր այդ պայմանագիրը և հետո էլ վերջնականապես ստորագրեր, կդառնար եվրոպական տնտեսական դաշտի բաղկացուցիչ մասը, և այդ իմաստով հաջորդ տրամաբանական քայլը կլիներ քաղաքական և ռազմական ինտեգրացիան, և Ռուսաստանը կկորցներ Հայաստանը՝ որպես ռազմավարական դաշնակից: Ռուսաստանը դա շատ լավ գիտակցում էր և փորձում էր Հայաստանի իշխանություններին հասկացնել՝ չգնալ այդ ճանապարհով, այդ ճանապարհով գնալով՝ Հայաստանը կկորցներ Ռուսաստանին, իսկ այդ դեպքում Ռուսաստանն այլևս շահագրգռվածություն չէր ունենա աջակցելու Հայաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին: Հայաստանի իշխանությունները փորձում էին բլեֆով համոզել Ռուսաստանին, որ խնդիր չկա, կփորձենք, Եվրոպայի հետ ինտեգրվելով՝ չփչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց երբ այդ բլեֆը շատ խորացավ, Ռուսաստանը ուղղակի վերջնագիր ներկայացրեց՝ ասելով, որ այդ ճանապարհով գնալու դեպքում Ռուսաստանն այլևս չի ապահովի Հայաստանի անվտանգության խնդիրը, որպես Եվրամիություն գնացող երկրի՝ գազը կվաճառվի ոչ թե  270, այլ 450 դոլարով, և ընդհանրապես՝ հայկական ապրանքները, որոնք այժմ ազատ մուտք ունեն ռուսական շուկա, կզրկվեն այդ շուկայից, Հայաստանը կզրկվի Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումներից, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են 2-2,5 միլիարդ դոլար, և Հայաստանի տնտեսությունը կկանգնի, իսկ անվտանգությունը կդառնա ուղղակի անհասկանալի:

Քանի որ Հայաստանը մինչև վերջին պահը լուրջ չէր  վերաբերվում, և Շավարշ Քոչարյանի միջոցով ասում էին՝ մենք թե′ եվրոպացիների և թե′ ռուսների հետ կպայմանավորվենք, ռուսները հասկացան, որ հայերը իրոք մտածում են, որ այդպես կարելի է շարունակել, ուղղակի վերջնագիր ներկայացրին՝ կամ-կամ տարբերակը դրեցին և պարտադրեցին Հայաստանին, որ նա ընտրի Մաքսային միությունը, որպեսզի վերջնականապես փակվի ճանապարհը դեպի Եվրամիություն: Այսինքն՝ իրենք ստիպված դրեցին այդ խնդիրը, որպեսզի Հայաստանը չգնա այլ ուղղությամբ: Սա է խնդիրը:

-Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը:

-Ես կարծում եմ, որ շատ օբյեկտիվ և շատ լուրջ ելույթ էր: Կարծում եմ, որ հասարակության առողջ հատվածը հենց այդպես էլ մտածում է, այսինքն՝ նա ասաց այն, ինչ մտածում է հասարակության ճնշող մեծամասնությունը, նա ասել է այն, ինչ իրականում կա:

Կարեն Թովմասյան

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանի հարցը Գրիգոր Բադիրյանին ‘
Հաջորդ հոդվածը‘ԹԻՀԿ-ն քաղաքացուն «էշ» անվանած Գորիկ Հակոբյանի հարցով դիմել է էթիկայի հանձնաժողով ‘