‘Ե. Վարոսյան. Հայաստանը պատրաստ է դեռ 200 տարի էլ օրենք փոխել, բայց չպայքարել իրական փոփոխությունների համար ‘

901

Այսօր՝ մարտի 16-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԵԽ հանձնակատարի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ. դիտարկումներ և գնահատականներ» թեմայով: Քննարկման առիթն էր՝ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսի՝ մարտի 10-ին հրապարակված զեկույցը, որտեղ նա ներկայացրել էր այն կարեւորագույն խնդիրները, որոնք կան Հայաստանում՝ ե′ւ դատական համակարգի վերաբերյալ, ե′ւ ոստիկանության եւ իրավապահ մարմինների գործողությունների, ինչպես նաեւ բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող բռնությունների եւ մահվան դեպքերի: Այնտեղ անդրադարձ կար նաեւ մարտի 1-ի քննության գործին եւ 15-ամյա Շահեն Հարությունյանի ազատազրկմանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նկատեց, որ զեկույցում մի քանի շատ կարեւոր խնդիրներ են բարձրացվել՝ դատարանների անկախության հարցը, կալանքը՝ որպես անձի խափանման միջոց ընտրության հարցը, բանակում խաղաղ պայմաններում զինվորների սպանության հարցը: Այդուհանդերձ, Սահակյանը հիշեցրեց, որ այս զեկույցը միակը չէ, իսկ փոփոխություն «մենք չենք տեսնում»:

«Կամքը չկա, որպեսզի փոփոխություն լինի»,- ասաց նա:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով զեկույցի անարդյունավետության պատճառներին, միեւնույն ժամանակ նշեց, որ ինքը, որպես պրակտիկ իրավաբան, սուբյեկտիվորեն ուրախ է այդ զեկույցի համար: «Մենք ամեն օր բարձրացնում եք այդ հարցերը, սակայն մեզ մեղադրում են սուբյեկտիվ լինելու մեջ, դրա համար էլ ուրախ եմ զեկույցի համար: Ի՞նչ է՝ Մարդու իրավունքների հանձնակատարն է՞լ է Հայաստանում աշխատող փաստաբան»,- նկատեց նա:

Որպես զեկույցում մեկ այլ դրական կետ՝ նա նշեց, որ հանձնակատարը սլաքները հիմնականում ուղղել է դատական համակարգին:

«Մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ փոքրիկ փոփոխություններով հեռու չենք գնա: Բոլոր ոստիկանները, որոնք վատ վերաբերմունք են դրսեւորում, նրանք հրահանգավորված են դա անում: Երբ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն է գործադրվում, ի՞նչ ենք կարծում՝ այդ ոստիկանննե՞րն են ցանկանում այդ բռնությունը գործադրել: Ո′չ: Նրանք ունեն հրահանգ, նրանք այդ հրահանգը կատարում են», -ասաց Լուսինե Սահակյանը:

Նա նաեւ նկատեց, որ վատ վերաբերմունքի համար հիմա հարուցվում են քրեական գործեր: «Ինչո՞ւ: Որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը եվրոպական դատարանում ակնհայտ պարտվում է միայն նրա համար, որ չկա հարուցված քրեական գործ, որովհետեւ արդյունավետ քննությունից խոսել չեն կարող: Դրա համար էլ ձեւականորեն հարուցում են քրեական գործ»:

Երվանդ Վարոսյանը հատուկ նկատեց, որ երբ զեկույցը կարդում ենք՝ միշտ առաջարկներում հանձնակատարը շեշտում է՝ փոփոխություններ օրենսդրական դաշտում եւ պրակտիկայում:
«Այսինքն՝ հասկացել են, որ Հայաստանը պատրաստ է դեռ երկու հարյուր տարի էլ օրենք փոխել: Մեր իշխանությունները պատրաստ են անընդմեջ օրենք փոխել: Պատրաստ են հարյուր հատ էլ հատուկ քննչական մարմին ստեղծել, բայց չպայքարել իրական փոփոխությունների համար», — հայտարարեց Երվանդ Վարոսյանը:

Նախորդ հոդվածը‘Շտապօգնության բաժանմունքի բաժնի վարիչը վթարի հետեւանքով մահացել է. Հարուցվել է քր. գործ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. Պետք չէ թուլանալ ու հաճույք ստանալ, Սահմանադրության փոփոխությունը վտանգավոր է’