‘Զախարյան. Ոչ ոք չի ասել, որ գազի գինը չի փոփոխվելու. Տեսանյութ’

1314

‘

Կառավարութան հետ հարցուպատասխանի ժամին իր հարցը հնչեցնելուց առաջ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախ նշեց, որ արդեն երրորդ քառօրյան է, որ ընդդիմադիր պատգամավորները չեն հասցնում հարց հնչեցնել:  

«Դուք օգտվում եք կանոնակարգ-օրենքից, որը հնարավորություն է տալիս գրավոր հարց տալ, հետո լիագումար նիստի ժամանակ կրկնել հարցը: Ստացվում է, որ մենք պակաս հարցեր ենք ուղղում Կառավարությանը: Սա ուղղակի մեզ զրկում է ավելի շատ հարցեր տալ կառավարությանը: Կարծում եմ, կառավարության անդամներին էլ դուր չի գալիս՝ 20 հոգով գալ, նստել այստեղ եւ նախապես կազմված պատասխաններ կարդալ: Այս ինստիտուտը նրա համար է, որ հրատապ հարցերը հնչեն, եւ կառավարությունը կամ կարողանա, կամ չկարողանա պատասխանել: Եկեք հնարավորինս արդյունավետ օգտագործենք այս ինստիտուտը», — ասաց Մանուկյանը, ապա՝ հարց ուղղեց գազի սակագնի վերաբերյալ:

«Երկու օր է՝ Հայաստանում խոսում են գազի գնի մասին, եւ երկու անգամ պաշտոնապես հայտարարվեց, որ սահմանին գազի գինը 190-ից դարձել է 165 դոլար: Բայց դրանից անմիջապես հետո պաշտոնապես հայտարարվեց, որ դա սակագնի վրա չի ազդելու:

Գազի սակագինն իր մեջ պարունակում է 190 դոլար գումարած 122 դոլար մարժան, որը, գումարվելով, կամում է միջին 311 դոլար:  Հիմա՝ այդ կոմպոնենտի մեջ 25 դոլարը պակասել է: Սահմանից այս կողմ ստեղծվել է հնարավորություն՝ քաղաքացու գազն էժանացնելու, մասնավորապես, որովհետեւ ԱԱՀ-ը համապատասխանաբար պետք է նվազեցվեր: Եթե ոչ մի ուրիշ նվազեցում չի լինում, միայն ԱԱՀ-ի մասով քաղաքացուն հասցվող գազի սակագինը պետք է այդ համապատասխանությամբ իջներ: Ո՞վ է իրավունք տվել այդ պաշտոնական հանձնարարություններն անել, եթե սակագինը պետք է ուժի մեջ մտնի միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո», — հարցրեց Մանուկյանը՝ հիշեցնելով, որ «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ հայաստանյցի սպառողների համար սակագնի մեջ փոփոխություններ չեն լինելու, որովհետեւ դրամ-դոլար հարաբերության փոփոխության հետ կապված եղել են կորուստներ եւ ներդրումներ, եւ այս նվազեցումը փոխհատուցելու է այդ ծախսերը:

Ի պատասխան, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ  գազի գնի իջեցման հետ կապված փաստաթղթային որեւէ ձեւակերպում առայժմ չկա:

«Սպառողի համար գազի գնի պահպանման մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Դրա համար կա հատտուկ մարմին, եւ հավանաբար համապատասխան ձեւակերպումներից հետո կկատարվեն վերլուծություններ եւ կարվի հայտարարություն», — ասաց նա:

 

‘

Նախորդ հոդվածը‘Օզբիլիս. «Ոչ մի ազգային հարցի մասին խոսք չի կարող լինել»’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Կառավարությունը չի արձանագրում լրջագույն ճգնաժամը’