‘
Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացն ակտիվացնելու Երևանի ու Բաքվի պատրաստակամությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ժնևում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
«Մենք ողջունում ենք կողմերի պատրաստակամությունը՝ ակտիվացնել բանակցային գործընթացը և ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ուղղված շփման գծում լարվածության նվազմանը»,- ասել է նա:
Զախարովան ասել է, որ Մոսկվան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հերթական հանդիպումն են նախապատրաստում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև՝ «կարգավորման հիմնարար հարցերը և իրավիճակի կայունացման ուղղությամբ հնարավոր միջոցները քննարկելու համար»:
Զախարովան ափսոսանք է հայտնել, որ հակամարտության գոտում դրությունը շարունակում է «բարդ» մնալ:
«Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում դրսևորել չլուծված հարցերի հանգուցալուծման առնչությամբ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
‘