Զախարովա․ ՀՀ տեղեկատվական դաշտում գերակշռում է ՌԴ-ի մասին բացասական տեղեկատվությունը

129

Վերջերս Հայաստանի տեղեկատվական տարածքն աչքի է ընկնում Ռուսաստանի մասին միակողմանի և բացասական տեղեկություններ հաղորդելու միտումով, ինչը չի կարող բավարարել կողմերից ոչ մեկին և, «անկասկած, հակասում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության բնույթին»։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանում Ռուս-հայկական մեդիաֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։

«Անթույլատրելի ենք համարում մեր ժողովուրդների միջև թշնամության և ատելության հրահրումը՝ հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների համար Ռուսաստանին մեղադրելու հաշվին»,- հայտարարել է Զախարովան։

Նա հիշեցրել է Հայաստան մուտքի արգելքի սև ցուցակի մասին, որում այնպիսի ռուսաստանցի գործիչներ են մտել, ինչպես ԱՊՀ գործերով պետդումայի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, միջազգայնագետ-փորձագետ Անդրանիկ Միհրանյանը, մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը և այլն։

«Մեր երկրի երևելի մեդիամենեջերների և քաղաքագետների այսպիսի «անցանկալիությունը», ովքեր օրենք չեն խախտել, այլ ընդամենն իրենց անձնական կարծիքն են հայտնել, էական վնաս է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերություններին, հատկապես՝ տեղեկատվական դաշտում»,- ընդգծել է դիվանագետ Մարիա Զախարովան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան աշխուժացրել է շփումները հացահատիկի գործարքի շուրջ
Հաջորդ հոդվածըՉեխիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավարը կանխատեսում է Ուկրաինայի փլուզումը