‘Զամբիայում ձերբակալվել է նախկին նախագահը’

665

Զամբիայում ձերբակալվել է աֆրիկյան այդ երկրի նախկին նախագահ Ռուփիա Բանդան (Rupiah Banda), որին մեղադրում են ծառայողական լիազորությունները գերազանցելու մեջ, ինչի արդյունքում մսխվել է բյուջետային ավելի քան 11 միլիոն դոլար: Այս մասին երեկ հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին:

Բանդային գրավի դիմաց ազատ են արձակել: Այսօր՝ մարտի 26-ին, նա կանգնելու է դատարանի առջև, փոխանցում է France-Presse գործակալությունը: Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նիգերիայից հում նավթի մատակարարման վերաբերյալ ոչ շահավետ պայմանագիր է կնքել, ինչի արդյունքում երկիրը կորցրել է 11 միլիոն դոլար: Բանդան պնդում է, որ անմեղ է, և հավաստիացնում, որ դա կապացուցի դատարանում: Բանդայի փաստաբանը համոզված է, որ իր պաշտպանյալի դեմ մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն:

 Ավելի վաղ Զամբիայի խորհրդարանը Բանդային զրկել էր անձեռնմխելիությունից: Ներկայիս նախագահ Մայքլ Սաթայի կառավարությունում հայտարարել են, թե Բանդան մասնակից է  նաև  կոռուպցիայի, փողերի լվացման և խարդախության հետ կապված հանցագործությունների, սակայն առայժմ համապատասխան հոդվածներով մեղադրանքներ նրան չեն ներկայացվել, գրում է Zambia Reports-ը:

Ռուփիա Բանդան Զամբիայի չորրորդ նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2008 թ. նոյեմբերից մինչև 2011 թ. սեպտեմբեր: 

Նախորդ հոդվածը‘Վիլանովան վերադարձավ Բարսելոնա’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Վարդանյան. Ոչ իշխանական ուժերը կարող են կոալիցիա կազմել Երեւանի ապագա ավագանում’