‘Զարուհի Փոստանջյանը կառավարությանը մեղադրեց ստախոսության մեջ ‘

818

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, անդրադարձավ օրենքի նախագծով նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու հարցին: 

«Քաղաքացին, ով պետք է ստանա այդ գումարը, կարող է գնել ընդամենը 12 հատ հաց։ Հետևաբար, եթե հասկանում ենք՝ ինչ գումարի մասին է խոսքը, և նվազագույն աշխատավարձը 7%–ով է ավելանում, պետք է նաև հարց տանք մեզ, թե ինչպիսի քաղաքացի ենք ակնկալում ունենալ՝ արժանապատի՞վ, թե՞ նվաստացված: Այսպիսով՝ իշխանությունները խթանում են արտագաղթի տենդենցը, քանի որ չի կարող Հայաստանի քաղաքացին ստանալ ստրուկին հասանելի միջոցներ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորի համոզմամբ՝ կառավարությունը ստում է, թե պետբյուջեն հնարավորություններ չունի նվազագույն աշխատավարձն ավելի բարձրացնելու համար:

«Ստում եք, այդ գումարները կան։ Դրանք միլիոնավոր դոլարների հասնող գումարներ են, և այդ գումարներն ուղղակի գողացվում են այս կամ այն անձանց կողմից, և այդ մարդիկ մնում են անպատիժ», — եզրափակեց Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ երեկվանից Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի կողմից ներկայացված ««Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը 2013թ. համար սահմանել 35 000 դրամ, այսինքն՝ բարձրացնել ընդամենը 2500 դրամով:

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. 35 000 դրամ աշխատավարձը ոչ թե վարձատրություն է, այլ շահագործում ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» եւ Չավիի նոր ցուցանիշները’