‘
Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» կուսակցություն խմբակցությունից Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության կազմում կընդգրկվի խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Այս մասին հոկտեմբերի 24-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նա նշել է, որ դեռ պատվիրակության ձևավորվման ժամանակ ՕԵԿ ներկայացրել է Մհեր Շահգելդյանի թեկնածությունը: «Նախնական քննարկումների ժամանակ արդեն որոշվեց, որ պատվիրակությունում պետք է լինի ռոտացիա, և մեր քաղաքական ուժը պետք է մեկ տարի համբերի, մինչև այդ ռոտացիան տեղի ունենա: Մեր խմբակցությունը սպասել է մեկ տարի: Հիմա ռոտացիայի փոփոխման ժամանակն է, և այսօր Մհեր Շահգելդյանին ենք ընդգրկում ԵԽԽՎ պատվիրակության անդամ»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է նա:
Բիշարյանը նաև նշել է, որ նախքան ռոտացիան պատվիրակության կազմում կար իշխանության երեք և ընդդիմության հինգ ներկայացուցիչ: Իսկ փոփոխության արդյունքում պատվիրակության կազմում այժմ կլինի իշխանության և ընդդիմության չորսական ներկայացուցիչ:
Հոկտեմբերի 23-ին պարզ դարձավ, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում «Ժառանգություն» խմբակցությանը կփոխարինի ՕԵԿ խմբակցությունը: Ավելի վաղ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ժառանգություն» խմբակցությանը հեռացրել էր ԵԽԽՎ պատվիրակության կազմից:
‘