‘Զարուհի Փոստանջյան. Հրայր Թովմասյանը թվեր խփած մարդու ներկայացուցիչն է’

1102

Այսօրվա դատական նիստն ապացուցեց, որ պատասխանող կողմը խուճապի մեջ է: Չգիտեն՝ ինչպես վարվել ու դրա համար նախահարձակ են լինում: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Դիտարկմանը, որ կարծիք կա, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմը դատական նիստին լավ պատրաստ չէր և հստակ չեր ներկայացնում իր կողմի դիրքորոշումը, Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Իսկ ու՞մ կարծիքով էինք անպատրաստ»:

Լսելով, որ, օրինակ, Հրայր Թովմասյանը նկատեց, թե ապացույցներ չեն ներկայացնում, Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Իսկ կասեք ինձ, ո՞վ է Հրայր Թովմասյանը: Հրայր Թովմասյանը թվեր խփած մարդու ներկայացուցիչն է»,- Panarmenian.net-ի փոխանցմամբ պատասխանեց Զ. Փոստանջյանը:

Հարցին՝ ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ ՍԴ-ում Սերժ Սարգսյանին ներկայացնում է Արդարադատության նախարարը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ օրենքով նման բան հնարավոր է, բայց այստեղ այլ հարց կա: «Սերժ Սարգսյանը նախ հայտարարում է թվեր խփելու մասին, հետո Սերժ Թանկյանին նամակով գրում, որ ընտրությունները նա է կազմակերպում, հետո Գեղարքունիքի մարզպետը կայքում շնորհակալություն է հայտնում իր աշխատակիցներին, ընտրություններին լավ աշխատելու համար, և հիմա ահա Հրայր Թովմասյանը: Մի բան կասեմ, եթե լինեին քիրավական երկրում, ապա կառավարության ներկայացուցիչը կլիներ իր նախարարությունում, որտեղ բազմաթիվ անելիքներ կան և ոչ թե դատարանում շահեր կպաշտպաներ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նախորդ հոդվածը‘Հարցում. Ինչո՞ւ է Միքայել Մինասյանը դեսպան նշանակվել’
Հաջորդ հոդվածը‘Սլավոլյուբ Մուսլին. Երեք գոլ մեկնարկային խաղում. դա անհավանական է’