‘Զգուշացեք` իշխանությունները մանիպուլացնում են ‘

2999

Դեռ երկրորդ աշխարհամարտի ժամանակ Երրորդ ռայխի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը` Յոզեֆ Պաուլ Գեբելսը, հասկացել եւ գործնականում արդյունավետորեն կիրառում էր  քարոզչության միջոցով մասսաներին մանիպուլյացիայի ենթարկելու մեխանիզմը: 

Այսօրվա իշխանական քարոզչամեքենան, չնայած՝ պակաս ինտելեկտուալ պոտենցիալով եւ երեւակայությամբ, այդուհանդերձ, փորձում է կրկնել պարոն Գեբելսի փորձված մեթոդները: Երբեմն դա իշխանությունների մոտ նույնիսկ ստացվում է. թեեւ՝ այստեղ պետք է հաշվի առնել, որ ստացվում է ոչ թե ի հաշիվ բովանդակության, այլ ձեւի, քանի որ տեղեկատվական դաշտի գրեթե 90 տոկոսը ծառայեցնում է այդ մեթոդներին: Համացանցի դարում իշխանություններն այդ մանիպուլյացիաները կիրառում են նաեւ լրատվական կայքերի ու նաեւ սոցցանցերի, հատկապես` Facebook-ի միջոցով: Քարոզչության միջոցով մասսաներին մանիպուլացնելու բազմաթիվ ձեւեր կան, կոնկրետ օրինակներով ներկայացնենք դրանցից մի քանիսը: 

1. Առաջնահերթության սկզբունք 

Այս մեթոդի յուրահատկությունը մարդու հոգեբանության այն առանձնահատկության վրա է հիմնված, ըստ որի՝ նա ավելի շատ է հակված «հալած յուղի տեղ ընդունել» այն ինֆորմացիան, որն առաջինն է «մատուցվում» նրա գիտակացությանը: Եւ այն, որ հետագայում կարող են  «մատուցվել» այդ ինֆորմացիան հերքող նոր տեղեկություններ, արդեն պակաս կարեւոր է դառնում: Մարդու մոտ մնում է առաջինը ստացած տեղեկատվության նստվածքը:

Օրինակ` ԱԺ ընտրություններից առաջ իշխանական քարոզչամեքենան ընդամենը ֆեյսբուքյան մի գրառման միջոցով սուտ տեղեկատվություն տարածեց՝ ՀՀ Առաջին նախագահ,Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն ՏերՊետրոսյանի առողջության հետ կապված: Ընդամենը րոպեներ անց այդ տեղեկատվությունը, բնականաբար, հերքվեց: Բայ, նախնական ինֆորմացիան մետաստազներ ունեցավ մի քանի օր շարունակ: Մեկ այլ օրինակ` օրերս իշխանական քարոզչամեքենան լուրեր տարածեց, թե իբր Կոնգրեսի քաղխորհրդի վերջին նիստի ժամանակ Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը քաշքշել են իրար: Ինֆորմացիան իհարկե հերքվեց, Փաշինյանը, բնականաբար, հայտարարեց, որ նույնիսկ ներկա չի էլ եղել այդ նիստին, բայց մեթոդը, որոշ իմաստով, ազդեցություն ունեցավ: Այս մեթոդը, ի դեպ, նոր չէ: 2008-ի քարոզարշավի ժամանակ էլ այն լավագույնս կիրառվեց: Օրինակ` Թուրքիայից ընդդիմադիրների իբր ֆինանսավորումը, ինչը եւս այդպես էլ չհաստատվեց: 

2. Թշնամու կերպար 

Արհեստական եղանակով վտանգ ստեղծելու կամ այդ վտանգը գերագնահատելու միջոցով ստեղծվում է կրքերի լարում, եւ մասսաները հայտնվում են այնպիսի վիճակում, երբ նրանց գիտակցության վիճակը փոփոխվում է: Արդյունքում՝ նման մասսաներին ավելի հեշտ է կառավարել:

Օրինակ` վերջերս տարածված՝ Հայաստան ներխուժած թալիբների մասին լուրը: Մեկ այլ օրինակ էլ կա, որն իշխանությունները կիրառում են պարբերաբար. հենց իշխանությունները ցանկանում են զսպել մարդկանց բողոքները,շեղել նրանց ուշադրությունը ներհայաստանյան խնդիրներից, սկսում են խոսել պատերազմի վտանգից: Նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի՝ Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որտեղ նա մեղադրում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի տարածքում նոր պատերազմի սպառնալիք ստեղծելու մեջ, դրա լավագույն ապացույցն է: Եւ սա՝ այն պարագայում, երբ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Սարգսյանին այդքան մոտ էր թվում ԼՂ հիմնախնդրի կարգավորումը, նա բացառապես այլ կերպ էր արտահայտվում Ադրբեջանի եւ դրա նախագահի մասին: 

3. Կարծիքների առաջատարների օգտագործում 

Այս պարագայում գործի են դրվում հեղինակություն ունեցող անձինք, որոնք սկսում են գովերգել իշխանություններին: Այս մեխանիզմը կիրառվում է այն համատեքստում, որ սովորաբար մարդիկ ինչ-որ գործողություններ անելիս կողմնորոշվում են դեպի հեղինակություն ունեցող անձինք:

Էստրադային դարում իշխանություններն այդ նպատակով լավագույնս օգտագործում են մանր ու միջին աստղերին ու աստղիկներին, միջակ արվեստագետներին, որոնք եթե անգամ քննադատում են առանձին ոլորտներ, ապա վերջում, միեւնույն է` կասկածի տակ չեն դնում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: 

4. Էմոցիոնալ լարում 

Այս պարագայում մանիպուլյացիոն գործողությունները ուղղված են լինում ոչ թե մարդու գիտակցությանը, այլ զգացմունքներին: Քաղաքական գործիչներն իրենց ելույթներում ու հարցազրույցներում խոսում են այնպիսի բաներից, որոնք զգացմունքային արձագանք են գտնում լսարանի մոտ:

Ասվածի լավագույն օրինակն են Սերժ Սարգսյանի վերջին ելույթների այն հատվածները, որտեղ նա էական ոչինչ չի ասում, բայց խոսում է հայրենիքից, համայն հայությունից, համախմբվածությունից, չհասկացվածության պատը քանդելուց եւ այլն: Վերջին խորհրդակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթների որոշ մասեր եւս այդ ոլորտից են:  

5. Ցուցադրական պրոբլեմատիկա 

Նույն թեմայի ներկայացման ձեւից կարելի է ստանալ տարբեր, երբեմն նույնիսկ հակասական արդյունքներ: Սա հատկապես կիրառվում է հայկական հեռուստաընկերությունների, իշխանական թերթերի ու լրատվական կայքերի, սոցցանցերում իշխանական «ֆեյքերի» միջոցով, երբ այնքան մեծ ուշադրություն ու աղմուկ է տրամադրվում երկրորդական խնդիրներին, որ առաջնային` ավելի կարեւոր խնդիրները մնում են երկրորդ պլանում: Նպատակն էլ հենց դա է` երկրորդական խնդիրները վեր հանելով` ստվերում թողնել առաջնային խնդիրները:

Օրիանակ` Հայաստան ներմուծված արհեստական կուսաթաղանթների աղմուկը: Սերիալների դեմ բարձրացված աղմուկը: Առանձին որեւէ երկրորդական չինովնիկի կամ օլիգարխի դեմ բարձրացված աղմուկը: 

6. Ինֆորմացիայի անհասանելիություն 

Մանիպուլյացիայի տվյալ մեխանիզմը ենթադրում է տեղեկատվական ամբողջական կամ մասնակի շրջափակում, երբ իշխանությունների համար ոչ հաճելի կամ անցանկալի ինֆորմացիան կամ ընդհանրապես չի հասնում լսարանին, կամ հասնում է մասնակի:

Օրինակ` Սերժ Սարգսյանի այցերից եւ հանդիպումներից իշխանական քարոզչամեքենան մատուցում է միայն այն, ինչ ձեռնտու է իշխանություններին: Դրանք ամենայն ուշադրությամբ մոնտաժվում են:   

7. Առօրեական պատում կամ մարդկային դեմքով չարիք 

Ինֆորմացիան, որը կարող է մարդկանց մոտ անցանկալի արդյունք առաջացանել, մատուցվում է այնպիսի հասարակ, սովորական, առօրեական տոնով, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել: Տեղեկատվության նման վերամատուցման արդյունքում կրիտիկական տեղեկատվությունը, հասնելով մարդկանց գիտակցությանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն կորցնում է իր կրիտիկանան լինելու հանգմանքը: Արդյունքում՝ մարդը տեղի ունեցածը սկսում է ընկալել որպես սովորական, անկարեւոր մի բան:  

Լրատվական թողարկումներով այնպիսի սովորական ձայնով են խոսում ատկատների «բացահայտման», կոռուպցիայի, գազի թանկացման, գների բարձրացման, աղքատության, արտագաղթի, արտաքին պարտքի, բանակում տեղի ունեցող սպանությունների եւ այլ խնդիրների մասին, ասես դրանք սովորական, շատ սովորական հարցեր են: 

8. Էքսպրեսիվ հարված 

Այդ մեխանիզմի իրականացման ժամանակ մարդկանց մոտ պետք է տեղի ունենա հոգեբանական շոկ, որը առաջացնում է ընդդիմանալու եւ բողոքելու, մեղավորներին օր առաջ պատժելու ցանկություն: Սակայն միաժամանակ ամեն ինչ արվում է այնպես, որ մարդն ուղղակի չի էլ նկատում, որ տեղեկատվության մատուցման ժամանակ ինֆորմացիայի շեշտադրումները փոխվել են:

Օրինակ` փուչիկների գործը, «Հարսնաքարի» գործը, Վազգեն Խաչիկյանի, Սերոբ Տեր-Պողոսյանի, մանկապարտեզների մատակարարների դեպքերը եւ այլն: Ինֆորմացիան իշխանական քարոզչամեքենան մատուցում էր այնպես, որ բացառապես հրեշավոր կերպով են ներկայացվում միայն կոնկրետ թիրախները` կոնկրետ անձինք, միաժամանակ չխոսելով այն մասին, որ իշխանությունները` ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանը, պատասխանատու են այդ ամենի համար:   

9. Կեղծ անալոգներ կամ տրամաբանության դեմ կիրառվող դիվերսիաներ 

Այս մանիպուլյացիան մի կողմ է թողնում որեւէ խնդրի իրական պատճառը, եւ այն փոխարինվում է կեղծ անալոգներով: Օրինակ` տեղի է ունենում իրարամերժ հետեւանքների համադրություն, որոնք տվյալ դեպքում ներկայացվում են որպես մեկ ինֆորմացիա:

Այս մեթոդը լավագույնս կիրառվում է հատկապես Հայ ազգային կոնգրեսի եւ ԲՀԿ-ի պարագայում: Ընդ որում՝ սա հատկապես կիրառվում է լրատվական կայքերում` վերլուծությունների եւ իշխանությունների կողմից վերահսկվող ասուլիսների ժամանակ: Տվյալ դեպքում, Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցությունը սեւացնելու նպատակով, ԲՀԿ-ի` Քոչարյանի կողմից դեռ վերահսկելի լինելու մասին կասկածը ներկայացվում է որպես պնդում եւ փաստ, ապա այդ համագործակցությունը արհեստականորեն փոխկապակցվում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեսակետը որպես փաստ մատուցելուց հետո արդեն որպես փաստ է ներկայացվում այն, թե իբր Կոնգրեսը համագործակցում է Քոչարյանի, Մարտի 1-ի պատասխանատուների հետ:    

10. Ինֆորմացիոն շտուրմ 

Այս պարագայում միտումնավոր կերպով շուկա է նետվում այնպիսի մեծ քանակի տարատեսակ ինֆորմացիա, որ մարդիկ սկսում են հոգնել եւ այլեւս չեն ցանկանում որեւէ տեղեկատվություն ստանալ, անգամ եթե դա իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերին վերաբերի:

Այս մեթոդը լավագույնս կիրառվում է հատկապես վերջին տարիներին: Բազմաթիվ ու բազմապիսի կայքերը, նախագահականից վերահսկվող հեռուստաընկերությունները կենցաղային անկարեւոր հարցերով լցնելու միջոցով այնքան անկարեւոր տեղեկատվություն են մատուցվում, որպեսզի մարդիկ հոգնեն եւ ինֆորմացիոն աղբյուրները դիտարկեն բացառապես որպես անլուրջ ինֆորմացիայի աղբյուր:  

11. Իշխանության հասանելիություն 

Մանիպուլյացիայի նման մեթոդը կիրառվում է իբրեւ ապացույցն այն բանի, թե մարդը կարող է շրջադարձային կերպով փոխել իր հայացքները` իշխանության գալու դեպքում:

Այս մեթոդը լավագույնս կիրառվեց Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի միջոցով: Նրանք ստացան իշխանության մի փոքրիկ հատված եւ սկսեցին տրամագծորեն հակառակ հայտարարություններ անել իշխանությունների մասին: 

12. Կրկնություն 

Սա մանիպուլյացիայի ամենահեշտ ձեւն է:  Սրա համար անհրաժեշտ է նույն կեղծ ինֆորմացիան կրկնել պարբերաբար, որպեսզի մարդկանց մոտ այն տա անհրաժեշտ «նստվածքը»:

Այս մեթոդի լավագույնս կիրառման վերջին օրինակն այն էր, երբ իշխանական քարոզչամեքենայի բոլոր սպասարկուները անընդհատ կրկնում էին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը դատի է տվել Հայաստանին, (այսինքն` ոչ թե ՀՀ իշխանությունների գործողությունները, այլ հենց` Հայաստանին), եւ ապա՝ թե Եվրոդատարանը մերժել է Առաջին նախագահի հայցը: 

13. Կիսատ ճշմարտություն 

Մանիպուլյացիայի այս մեթոդի էությունն այն է, որ լսարանին է մատուցվում ինֆորմացիայի մի մասը միայն: Ընդ որում՝ ինֆորմացիայի մյուս` առավել կարեւոր մասի վերաբերյալ խոսք չի ասվում:

Այս մեթոդը լավագույնս կիրառվում է հատկապես 90-ականների սկզբի, Արցախյան պատերազմի, Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի մեկի մասին տեղեկատվությունները հաղորդելիս: Իշխանական քարոզչամեքենան մատուցում է միայն այն, ինչ իրենց է ձեռնտու: Իրենց համար ոչ ձեռնտու ինֆորմացիայի մասին որեւէ խոսք չի ասվում:   

Հ.Գ. Այնպես որ, ՀՀ հարգելի քաղաքացիներ, զգույշ եղեք: Իշխանությունները ձեր դեմ սովորական ինֆորմացիոն պատերազմ են վարում:

 

Պարգեւ Ապրեսյան 

 

Կոլաժը` «Քաղաքացիական հասարակություն» խմբի էջից

Նախորդ հոդվածը‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունն օգնում է նաև Հայաստան տեղափոխված սիրիահայերին ‘
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. ԱԳՆ մտահոգությունը պետք է լինի այն, որ այլ երկրներում Հայաստանը էկզոտիկ երկիր չհամարեն ‘