Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այց կկատարի Լեհաստան ապրիլի 5-ին։
Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Լեհաստանի նախագահի՝ միջազգային հարցերով պատասխանատու ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը RMF ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Երեք օրից՝ չորեքշաբթի, ապրիլի 5-ին, մենք սպասում ենք Ուկրաինայի նախագահի այցին Լեհաստան»,- ասել է նա։
Պշիդաչը նշել է, որ դա «պաշտոնական այց կլինի՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հրավերով»։ Նախկինում, հիշեցրել է պաշտոնյան, Զելենսկին Լեհաստանում եղել է կարճատև աշխատանքային այցերով, օրինակ՝ ԱՄՆ-ից վերադառնալու ճանապարհին։
Պշիդաչը պարզաբանել է, որ չնայած անվտանգության նկատառումներին՝ այս անգամ Կիևը և Վարշավան պայմանավորվել են նախապես հայտարարել առաջիկա այցի մասին, քանի որ, «բացի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից՝ Զելենսկին ուզում է հանդիպել նաև լեհերի և Լեհաստանում ապրող ուկրաինացիների հետ»։
«Այդ հանդիպումը նախատեսվում է չորեքշաբթի երեկոյան, Թագավորական ամրոցի տարածքում»,- նշել է Պշիդաչը՝ շեշտելով, որ դրան կարող է մասնակցել՝ ով ուզում է։
Փոխանցում է tass.ru-ն։