Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ժամանակն է դադարեցնել ռազմական գործողությունները, ընդ որում, նրա խոսքով՝ Կիևը «Մինսկ 3» չի ստորագրի։
«Ես վստահ եմ, որ հիմա եկել է ժամանակը, երբ ռազմական գործողությունները պետք է և կարելի է դադարեցնել»,- ասել է նա՝ տեսակապով դիմելով G20 գագաթնաժողովի մասնակիցներին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ուկրաինան չի համաձայնի ստորագրել «Մինսկ-3»-ի նման համաձայնագրեր։ Ըստ նրա՝ Կիևը «խաղաղության հասնելու իր պլանն ունի», որը բաղկացած է տասը կետից։ Դրանց մեջ են՝ միջուկային, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևով, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը։
«Մենք պետք է անվտանգության հարցերով Կիևյան միջազգային համաժողով անցկացնենք՝ եվրատլանտյան տարածքում անվտանգության կառույցի առանցքային տարրերն ամրապնդելու համար, ներառյալ երաշխիքները Ուկրաինային»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ այդ համաժողովի հիմնական արդյունքը պետք է դառնա «Անվտանգության կիևյան պայմանագրի» ստորագրումը։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ Կիևը պատրաստ է այդ միջոցառումն անցկացնել ցանկացած ժամանակ, «նույնիսկ ընթացիկ տարում»։
Ուրաինայի առաջնորդը նաև հիշեցրել է, որ Կիևն ուզում է միջազգային մեխանիզմ ստեղծել՝ ռուսաստանյան ակտիվների հաշվին փոխհատուցելու Ուկրաինայի կորուստները ռազմական գործողություններից։
Փոխանցում է tass.ru-ն։