Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար

118

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական երեկոյան տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին 40 միլիարդ դոլարի օգնության և լենդ-լիզի օրենքի համար, որի ստորագրումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից` նա անվանել է պատմական որոշում։

«Այդ գումարը կօգտագործվի առավելագույնս արագ և առանց բյուրոկրատիայի, Ուկրաինայի պաշտպանությունն ամրացնելու նպատակով։ Ամենից առաջ՝ դրանք զենքերն են, զինամթերքը, սարքավորումները, բայց` ոչ միայն։ Դա նաև աջակցությունն է Ռուսաստանի Դաշնության, օկուպանտների ռազմական հանցագործությունների հետաքննությանը, աջակցություն դիվանագիտական աշխատանքներին և այլն»,- համերկրացիներին պարզաբանել է Զելենսկին։

Լենդ-լիզի մասին օրենքը նախագահ Ջո Բայդենը ստորագրել է մայիսի 9-ին։ Այն Բայդենի վարչակազմին հնարավորություն է տալիս առանց Կոնգրեսի հետ նախապես համաձայնեցնելու Ուկրաինային փոխանցել ցանկացած զենք և պատերազմի համար անհրաժեշտ ամեն ինչ, ընդ որում՝ Ուկրաինան դրա համար նախապես չի վճարի։

«Պատահական չէ, որ լենդ-լիզի վերաբերյալ նոր օրենքը ստորագրվել է հենց մայիսի 9-ին։ Ես շնորհակալ եմ անձամբ նախագահ Բայդենին այդ աջակցության և այդ սիմվոլիզմի համար։ Մենք հիմա պաշտպանում ենք բոլոր ազատ ժողովուրդների ազատության և կյանքի իրավունքի ընդդեմ բռնապետության, որը Եվրոպայի բոլոր ժողովուրդների համար պակաս սպառնալիք չի ներկայացնում, քան 80 տարի առաջ էր»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՇոլց․ Ուկրաինան պատերազմի հետևանքները կզգա հարյուր տարի
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ-ն տեղեկացրել է կորոնավիրուսի «առաջին դեպքերի» մասին