Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել BBC-ի միջազգային մեկնաբան Ջոն Սիմփսոնին։ Հարցազրույցը կայացել է 2022 թ․ փետրվարի 24-ին սկսված ռուսաստանյան լայնածավալ ներխուժման մեկամյակի առթիվ։
Զելենսկին համոզմունք է հայտնել, որ ուկրաինական տարածքները Ռուսաստանին հանձնելը սխալ կլիներ, քանի որ դրանից հետո Ռուսաստանը «անընդհատ վերադառնալու էր», իսկ երկարաժամկետ խաղաղությունը կարող են մոտեցնել միայն արևմտյան զենքերը։ Ղրիմում և Դոնբասում տարածքային զիջումները «ռումբ կդնեն մեր երկրի կենտրոնում և Եվրոպայի կենտրունում», համոզված է Ուկրաինայի նախագահը։
«Այսօր մեր գոյատևումը մեր միակ միասնական նպատակն է։ Մենք Եվրոպա ենք գնում, Ուկրաինան այդ ուղին է ընտրել։ Այդ ամենը կորցնել չի կարելի։ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ուզում, մենք բոլորս դա ենք ուզում։ Ուստի ինչ-ինչ տարածքային փոխզիջումները կարող են միայն թուլացնել մեր պետությունը։ Հարցը «փոխզիջում» բառը չէ։ Ինչո՞ւ պետք է դրանից վախենանք։ Մենք կյանքում միլիոնավոր փոխզիջումների ենք գնում, դրանք ամեն օր են լինում։ Հարցն այն է, թե ում հետ։ Խոխզիջում Պուտինի հե՞տ։ Ո՛չ։ Ինչո՞ւ։ Որովհետև հավատ չկա»,- հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ ՈՒԶՈՒ-ն ունակ է դիմակայելու ռուսաստանյան զորքերի գրոհները և հակահարձակման անցնելու, բայց դրա համար անհրաժեշտ է արևմտյան երկրների ավելի մեծ օգնությունը։ «Անկասկած, ժամանակակից սպառազինությունն այն է, ինչ մոտեցնում է խաղաղությունը։ Զենքի լեզուն միակն է, որ Ռուսաստանը հասկանում է»,- ասել է նա։
Փոխանցում է BBC-ն։