‘«Զենիթում» հերթական սկանդալն է հասունանում’

630

Հերթական սկանդալային իրավիճակն է ստեղծվել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթում»: Թիմի բրազիլացի լեգեոներ Հալկը, որին սեպտեմբերին գնել էին 60 միլիոն եվրոյով, հայտարարել է, որ պատրաստ է ձմռանը հեռանալ ակումբից:

Հալկը խիստ դժգոհ է մնացել, որ «Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում, «Միլանի» հետ հանդիպման (1:0) 80-րդ րոպեին նրան փոխարինել է: Հալկը դաշտից դուրս գալուց հրաժարվել է սեղմել Սպալետիի ձեռքը, եւ շատ բուռն կերպով արտահայտել իր դժգոհությունը:

Իսկ արդեն հանդիպումից հետո Հալկը իր հայտարարությամբ պարզապես ցնցեց ֆուտբոլային Ռուսաստանը: «Ես արդեն հիանալի սովորել եմ Սանկտ-Պետերբուգին, այստեղ իմ ընտանիքը իրեն շատ լավ է զգում: Բայց եթե Սպալետիի հետ կոնֆլիկտային իրավիճակը չլուծվի, ես արդեն հունվարին կարող եմ լքել «Զենիթը», ասել է Հալկը:

Լուչանո Սպալետին արձագանքելով Հալկի հայտարարությանը, նշել է. «Դա իր իրավունքն է: Եթե ես նրան փոխում եմ, նշանակում է, որ դժգոհ եմ նրա խաղից: Ցանկանում է հեռանա՞լ: Ի՞նչ կարող եմ անել: Անձամբ ես մնում եմ»,- Սպալետիի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Transparency International. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը հավասար է 34-ի’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյան. Իմ աներձագը պրեզիդենտ չէ, բայց մարդ ես, կարող է պատգամավոր դառնա (տեսանյութ)’