‘Զենքի առևտրի հարցում ՄԱԿ-ի երկրները համաձայնության չեն եկել’

904

Զենքի առևտրի վերաբերյալ միջազգային պայմանագրի հարցով խորհրդաժողովը տապալվել է. Նյու Յորքում տասնօրյա բանակցություններից հետո ՄԱԿ-ի 193 անդամ-երկրների պատվիրակությունները չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել փաստաթղթի նախագծի վերաբերյալ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ոչինչ չի մնացել, քան  արտահայտել իր «խորը հիասթափությունը» և հույս հայտնել,  թե «պայմանագիրն ընդունելու ուղիների որոնումները կշարունակվեն»:

Փաստաթուղթը չի ընդունվել Իրանի, ԿԺԴՀ-ի և Սիրիայի դիրքորոշումների պատճառով, ովքեր այն անվանել են «չհավասարակշռված»: ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին ընդգծել է, որ իր երկիրը պաշտպանում է պայմանագրի գաղափարը, սակայն համաձայն չէ, որ այն, օրինակ, չի արգելում զենք վաճառել ապստամբական խմբավորումներին: «Իմ երկիրը նրանց շարքում է, ովքեր հանդես են եկել և հանդես են գալիս զենքի վաճառքի օրինականացման օգտին, քանի որ ապօրինի վաճառքը հրեշավոր սպառնալիք է աշխարհի և անվտանգության համար: Եւ, հավանաբար՝ դրա լավագույն ապացույցն իմ երկրի տառապանքների օրինակն է՝ արյունալի առևտրի արդյունքը, որի միջոցով աջակցություն են ստանում այդ զենքը մեր ժողովրդի դեմ ուղղող ահաբեկիչները»,-ասել է Ջաաֆարին:

Հավելենք, որ պայմանագիրը կարող էր ընդունվել միաձայն աջակցության դեպքում: Հաջորդ շաբաթ փաստաթուղթը քվեարկության կդրվի ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայում, որտեղ այն ընդունելու համար բավարար է 50 պետությունների քվեն: Միջազգային պայմանագիրը նախատեսում է խիստ վերահսկողություն սահմանել զենքի վաճառքի նկատմամբ, որի տարեկան շրջանառությունը կազմում է 70 միլիարդ դոլար, հաղորդում է Euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Դավութօղլուն հերքում է Իսրայելի հետ գաղտնի բանակցություններ վարելու վերաբերյալ պնդումները’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիան» դադարեցնում է թռիչքները եւ սկսում սնանկացման գործընթացը’