‘
Զինեդին Զիդանը խնդրել է Մադրիդի «Ռեալի» երկրպագուներից չսուլել Կարիմ Բենզեմային, ինչպես «Դեպորտիվոյի» հետ խաղի ժամանակ, երբ խաղացողը վերադարձավ վնասվածքից հետո։
64-րդ րոպեին Բենզեման փոխարինեց Բորխա Մայորալին, երբ «Ռեալը» 3-1 հաշվով հաղթում էր։ Վերջին անգամ ֆրանսիացին խաղացել էր դեկտեմբերի 23-ին Կլասիկոյում։
Սակայն «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը ոչ միանշանակ կերպով արձագանքեց 30-ամյա ֆուտբոլիստի վերադարձին․ ծափահարությունների մեջ լսվում էին նաև սուլոցներ։
Այս մրցաշրջանում Բենզեման լավ մարզավիճակում չէր և ընդամենը երկու գոլ է խփել Լա Լիգայում անցկացրած 13 խաղում, բայց Զիդանը չի կարծում, որ դա սեփական թիմի խաղացողներին չաջակցելու պատճառ է։
«Ճիշտ է, մեկ ամիս առաջ նա չէր խաղում,- ասաց Զիդանը լրագրողներին Արքայական գավաթի «Լեգանեսի» հետ կայանալիք քառորդ եզրափակչի երկրորդ խաղից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում։- Նա ցանկանում էր արագ վերադառնալ և հիմա թիմի հետ է։ Միակ բանը, որ նա իսկապես սիրում է, մեզ հետ դաշտում լինելն է, այնպես որ ուրախ եմ, որ վերադարձել է։ Բայց լավ չէ, որ նրան սուլում են վերադառնալուց հետո։ Նրա հետ այդպես է պատահել և ուրիշների հետ էլ կարող է պատահել։ Երկրպագուներից մեզ պետք է, որ մեր կողքին լինեն։ Իհարկե նրանք իրավունք ունեն իրենց կարծիքն ունենալու, բայց ես ցանկանում եմ, որ երկրպագուներն 90 րոպե մեզ հետ լինեն։ Խաղից հետո՝ ինչ լինում է, լինում է։ Բայց խաղի ընթացքում ցանկանում եմ, որ մեզ հետ լինեն։ Վաղը Կարիմը կկարողանա խաղալ»։
Զիդանը խոսեց նաև Ռոնալդուի նկատմամբ մամուլի և երկրպագուների ուշադրության մասին, երբ կիրակի օրը նրան ցույց տվեցին դաշտից հեռանալիս՝ հեռախոսի մեջ դեմքի վնասվածքը նայելով։
Հավանաբար անարդարացիորեն Ռոնալդուին քննադատեցին դրա համար, քանի որ ոմանք պնդում են, որ խաղացողի տեսքը կարևոր չէ դաշտում։ Բայց Զիդանն ասում է, որ նա ուղղակի փորձում էր տեսնել, թե կտրվածքն ինչքան խորն է։
«Այդպես էլ եղել է,- ասաց Զիդանը։- Նա ուղղակի ցանկանում էր տեսնել, թե ինչքան խորն է կտրվածքը, ահա և վերջ։ Ես ուղղակի ասում եմ ձեզ այն, ինչ նա ասաց հանդերձարանում, ես ոչինչ չեմ հնարելու։ Դրա համար չեմ այստեղ։ Կտրվածքի վրա կար է դրվել, և նա մարզվում է։ Նա մարզվում է կապտած աչքով, և դա ցույց է տալիս, որ նրա համար ամենակարևորը դաշտում լինելն է»։
‘