‘Զիդան. ««Ատլետիկոն» միայն պաշտպանվող թիմ չէ, և մենք գիտենք՝ ինչ դժվարությունների ենք բախվելու» ‘

1061

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» հետ հանդիպումը յուրահատուկ չի համարում: Ֆրանսիացի մասնագետը նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ անկախ այդ խաղի արդյունքից՝ իր սաները մինչև վերջ պայքարելու են չեմպիոնության համար:

-Դերբին հերթական հանդիպում է, և մենք պետք է 100% նվիրվածությամբ խաղանք, ինչպես միշտ ենք անում: Հեշտ չի լինելու: Ֆուտբոլիստները գիտեն՝ ինչ պետք է անեն: «Ատլետիկոն» միայն պաշտպանվող թիմ չէ, և մենք գիտենք՝ ինչ դժվարությունների ենք բախվելու: Վերլուծել ենք «Մալագայի» հետ խաղի սխալները և այս շաբաթվա ընթացքում աշխատել ենք դրանք վերացնելու ուղղությամբ:

Անկախ ամեն ինչից՝ մենք պայքարելու ենք մինչև վերջ: Դեռ շատ միավորներ են խաղարկվելու, և մրցաշրջանը մեզ համար վաղը չի ավարտվելու: Ես պարզապես ցանկանում եմ որակյալ ֆուտբոլ տեսնել: Մենք ունենք ուժեղ կողմեր և պետք է պարզապես օգտագործենք դրանք,-Զիդանի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:

«Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը կայանալու է փետրվարի 27-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:00-ին: Այս խաղից առաջ «Ատլետիկոն» ունի 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Ռեալը» երրորդ տեղում է՝ ակտիվում ունենալով 54 միավոր, առաջատար «Բարսելոնան» ունի 63 միավոր:

Նախորդ հոդվածը‘Ջաննի Ինֆանտինոն՝ ՖԻՖԱ-ի նոր նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Հիանալի է, որ մրցելու ենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ»’