‘Զիմբաբվեի նախագահն իր ընդդիմախոսներին խորհուրդ է տվել կախվել’

880

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, որ հաղթել է հուլիսի 31-ի ընտրություններում, իր մրցակիցներին խորհուրդ է տվել «գնալ ու կախվել»: Ինչպես հաղորդում է France-Presse-ը, նման հայտարարություն նա արել է՝ ելույթ ունենալով 1970-ական թթ. երկրի անկախության համար պայքարում զոհվածների հիշատակին նվիրված հանրահավաքում: «Ովքեր վիրավորվել են իմ հաղթանակից, կարող են գնալ ու ինքնասպան լինել՝ եթե ուզում են: Երբ նրանք մեռնեն, նույնիսկ շների բաժին չեն դառնա»,- Մուգաբեի խոսքերն է մեջբերում BBC News-ը: Սա նրա առաջին հրապարակային ելույթն էր նախագահական ընտրություններում հաղթելուց հետո:

Խոսելով իր ընդդիմախոսների մասին՝ Մուգաբեն, ըստ մամուլի՝ առաջին հերթին նկատի է ունեցել ընտրություններում իր ամենամոտ հակառակորդին՝ երկրի վարչապետ Մորգան Տսվանգիրաիին, որը դիմել է սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու հայցով:

Հուլիսի 31-ի ընտրություններում 89-ամյա Ռոբերտ Մուգաբեն, պաշտոնական տվյալների համաձայն՝ հավաքել էր ձայների 61 տոկոսը ու նախագահի աթոռն զբաղեցնելով ութերորդ անգամ՝ 33 տարի անընդմեջ: Նրա մրցակից վարչապետը ստացել էր ընտրողների 34 տոկոս քվեները: Ընդ որում՝ անկախ դիտորդները հայտարարել են համատարած կեղծիքների մասին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Առաջին անգամ Իրանի փոխնախագահի պաշտոնում կին է նշանակվել’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան դատարանը ծնողներին արգելել է երեխայի անունը Մեսիա դնել’