‘Զինադադարի ընթացքում Հոմսից տարհանվել է ավելի քան 1100 մարդ, այդ թվում՝ 500 երեխա’

912

Զինադադարի ընթացքում սիրիական Հոմս քաղաքի հին թաղամասերից տարհանվել է 1151 մարդ, այդ թվում՝ 500 երեխա: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մամլո քարտուղար Մարիկսի Մերկադոն: Նրա խոսքով՝ այդ մարդիկ «տեղավորվել են ժամանակավոր ապաստարաններում կամ  իրենց ազգականների տներում»: «Ընդհանուր առմամբ՝ 190 երեխաների պոլիոմելիտի, հեպատիտ B-ի, ջրծաղիկի և այլ հիվանդությունների պատվաստումներ են արվել»,- հաղորդել է Ժնևում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենտրոնակայանի ներկայացուցիչը: Մարիկսի Մերկադոն նաև տեղեկացրել է, որ չնայած հումանիտար ավտոշարսյունը գնդակոծության է ենթարկվել, Հին Հոմսում հաջողվել է բաշխել այդ մարդասիրական օգնությունը՝ սննդամթերք, հիգիենիկ  պարագաներ և ջուրը մաքրող հաբեր:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝  մինչ անցյալ ուրբաթ հայտարարված զինադադարը քաղաքում կար հազար երեխա: Իսկ այն քաղաքացիների թիվը, ովքեր չեն կարողացել լքել Հոմսի կենտրոնական մասը, որը կառավարական զորքերի և ապստամբների միջև արյունալի մարտերի թատերաբեմի էր վերածվել, մոտավորապես երկուսուկես հազարի էր հասնում: Այդ առնչությամբ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն անհանգստություն է հայտնում, որ շատ երեխաներ մինչև այժմ հնարավորություն չունեն հեռանալ Հոմսից կամ Սիրիայի մյուս քաղաքներից:

Նախօրեին ՄԱԿ-ը հաղորդել է, որ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը պայմանավորվել են մարդասիրական ընդմիջումը Հոմսում երկարաձգել ևս երեք օրով՝ խաղաղ բնակչությանը տարհանելու և հումանիտար օգնությունը քաղաք հասցնելու նպատակով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն պատժամիջոցներ չի սահմանի Ուկրաինայի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ռումինիայի նախագահին տուգանել են գնչուների հասցեին խոսքերի համար’