‘Զինդատախազությունը պարզաբանում է. Որոշ ՀԿ-ների ներկայացրած՝ զինծառայողների մահացության թիվը կոռեկտ չէ’

69

ՀՀ զինվորական դատախազությունը պարզաբանում է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության վերաբերյալ, որում իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ 2012-ին 2011-ի համեմատ Զինված ուժերում մահացությունների թիվը ոչ թե նվազել է, ինչպես նախօրեին հայտնել է զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, այլ աճել:

«ՀՀ զինվորական դատախազի կողմից 17.01.2013թ. հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում հրապարակվել են 2012 թվականի ընթացքում զինված ուժերում արձանագրված զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան ելքով դեպքերի թիվը, որը 29-ն է: Դրանում ներառված չեն մահվան ելքով այն դեպքերը, որոնք կապված չեն զինվորական ծառայություն անցնելու հետ կամ դեպքերը, որոնց մեջ հանցագործության հատկանիշներ չպարունակող իրադարձություններ են»,- ասվում է Զինդատախազության պարզաբանման մեջ:
«Օրինակ, զորամասից դուրս գտնվող և ծառայողական պարտականությունների հետ չկապված խնդիրներով զինծառայողը անձնական օգտագործման ավտոմեքենայով ավտովթարի է ենթարկվել և արդյունքում մահացել: Կամ արձանագրվել են դեպքեր, երբ զինվորական ծառայության հետ չկապված քաղաքացիական անձանց կողմից կատարված հանցագործության զոհ է դարձել զինծառայողը կամ զինծառայողը մահացել է օձի խայթոցի կամ այլ դժբախտ պատահարի հետևանքով:
Մեկ անգամ ևս փաստենք, որ հանցավորության վիճակը բնութագրվում է ոչ թե հանցագործության հատկանիշներ չպարունակող իրադարձությունների, դժբախտ պատահարների կամ հանցագործության  արդյունքում մահացած անձանց թվով, այլ` հանցագործության դեպքի փաստով և քանակով: Հետևաբար, որոշ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված և մամուլում հրապարակված 2012թ ընթացքում մահացած զինծառայողների թիվը որևէ առնչություն չունի ՀՀ Զինված ուժերում կատարված հանցագործությունների արդյունքում մահացած զինծառայողների թվի հետ», — նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանը մտադիր է դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ’
Հաջորդ հոդվածը‘Անջեյ Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է մեկ տարով’