‘Զինծառայողը ինքնաձիգից «կատակի համար» կրակել է եւ վիրավորել ծառայակցին ‘

958

Վայոց ձորի Ազատեկ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Բագրատ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի գնդացրորդ, կոչումով շարքային, 2014թ. օգոստոսի 17-ին, ժամը 05.20-ի սահմաններում գտնվելով մարտական դիրքում, դիտարկում կատարելու նպատակով վերցրել է նույն մարտական դիրքում որպես գետնատնակի դիտորդ կարգված, շարքային Էմանուել Սարգսյանին ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգը, ապա խախտելով զենքի հետ վարվելու կանոնները՝ առանց ստուգելու լիցքավորվածությունը, անհարկի՝ կատակելու նպատակով ինքնաձիգը պահել է վերջինիս ուղղությամբ եւ ձգանը սեղմելով՝ պատահաբար կրակոց է արձակել: Է. Սարգսյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է տեւական քայքայումով միջին ծանրության վնաս:

Aravot.am-ը, հղում անելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի տվյալներին, նշում է, որ Բ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 1-ին մասով: Բ. Վարդանյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Մարտի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Բ. Վարդանյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ նրան դատապարտել ազատազրկման 4 ամիս ժամկետով: 

Նախորդ հոդվածը‘Լրացուցիչ 50 մլն՝ պաշտոնյաների գործուղումների ծախսերը փակելու համար’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց’