‘
Ագարակում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Այս մասին iLur.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նշենք, որ 104 հոդվածի նշյալ կետերը սահմանվում են. սպանությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասված էր. «Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում»:
Նշենք նաև, որ երեկ որոշ լրատվական կայքեր տեղեկություն էին տարածում թե Նորայր Պետրոսյանը սպանվել է հակառակորդի գնդակից, սակայն մինչ այժմ ՊՆ-ն ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս տեղեկատվությունը:
‘