Իռլանդիան, Լեհաստանը և Բալթյան երկրները պատժամիջոցների նոր առաջարկներ են արել Ռուսաստանի դեմ, դրանց թվում՝ արգելել սմարթֆոնների, ռադարային սարքավորումների և լազերային սարքերի արտահանումը։
Այդ մասին հաղորդել է EUobserver ինտերնետ-կայքը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ինն էջանոց փաստաթղթին, որը տարածվել է Բրյուսելում։
Փաստաթղթում նաև առաջարկվում է SWIFT համակարգից անջատել ավելի շատ բանկեր, դրանց թվում՝ Գազպրոմբանկը, Ալֆա-բանկը, Ռոսբանկը և «Տինկոֆֆ-բանկը»։ Երկրներն առաջարկել են նաև արգելել ռուսաստանյան ադամանդի գնումը, ներմուծումը և տեղափոխումը։ Այդ ամենից բացի, առաջարկվում է արգելք մտցնել Ռուսաստանի հետ միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցելու, ռուսաստանցիներին անշարժ գույք վաճառելու և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կանխիկ գումարներ Ռուսաստան տեղափոխելու նկատմամբ։
Եվրոպացի դիվանագետներից ոմանք կարծիք են հայտնել, որ Դոնբասում հանրաքվեներին ի պատասխան՝ ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի ռուսաստանյան մի քանի փոքր բանկերի և անձանց նկատմամբ, որոնք կապ ունեն քվեարկության կազմակերպմանը։
Փոխանցում է tass.ru-ն։