Թուրքիան մտադիր է 60 կմ խորանալ Իրաքի տարածքում

479

Թուրքիայի զինված ուժերը մտադիր են Քրդստանի բանվորական կուսակցության դեմ նոր ռազմական գործողության շրջանակներում 50-60 կմ խորանալ Իրաքի տարածքում, այսօր գրել է Star թերթը։

Բացի այդ, թերթի տվյալներով՝ հիմնական խնդիրները կատարելուց հետո թուրք զինվորականները մտադիր չեն վերջնականապես լքել Իրաքի հյուսիսը, այլ ծրագրել են այնտեղ ժամանակավոր բազաներ տեղակայել տարածքը վերահսկելու համար՝ մինչև սպառնալիքն իսպառ վերանա։ Միայն դրանից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն կազատի Իրաքի տարածքը։ Ժամանակավոր բազաներն ու պահակակետերը կտեղակայվեն այն շրջաններում, որոնցից տեղաշարժի համար նախընտրում են օգտվել ծայրահեղականները։

Sabah թերթն իր հերթին նշում է, որ ՔԲԿ ռազմիկների թիվը Քանդիլի շրջանում, որտեղ ընթանում է ռազմական գործողությունը, դրա մեկնարկից առաջ կազմել է մոտավորապես 3 հազար մարդ։ Թերթը նաև գրում է, թե Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը համագործակցում է Թուրքիայի հետ և խոչընդոտում է ՔԲԿ անդամների անցումը ինքնավարության տարածք։

Երկուշաբթի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել է, որ «հատուկ գործողության ընթացքում Իրաքի հյուսիսում չեզոքացվել է 56 ահաբեկիչ»։ Անկարան ՔԲԿ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն և ազգային անվտանգությանն ուղղված ամենահիմնական սպառնալիքներից մեկը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP. 18-ամյա Ալկարասն առաջին անգամ լավագույն տասնյակում է
Հաջորդ հոդվածըԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-5-ում 4-ը «Մանչեսթեր Յունայթեդից» են