ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու՝ Փոլ Փելոսիի վրա հարձակում գործած Դևիդ Դեփեփին ոստիկանությանը հայտնել է, որ գրոհներ էր նախապատրաստել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի, հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի և Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի դեմ։
Այդ մասին հայտարարել է Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության սերժանտը, որը հարցաքննել է նրան։ Սերժանտը չի նշել, թե արդյո՞ք իրավապահ մարմինները ապացույցներ ունեն, որ Դեփեփին իսկապես այլ հարձակումներ էլ է ծրագրել։
Հոկտեմբերի 28-ին Նենսի Փելոսիի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ չարագործը ներխուժել է իր տուն և հարձակվել ամուսնու վրա։ 82-ամյա Փոլ Փելոսին բարեհաջող վիրահատվել էր գանգոսկրի կոտրվածքից և աջ ձեռքի լուրջ վնասվածքներից հետո։
Կալիֆոռնիայի դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել Փոլ Փելոսիի վրա մուրճով հարձակված տղամարդուն, որը, ինչպես պարզվել է, Կանադայի քաղաքացի է։ Նրան մեղսագրվել է հարձակում ԱՄՆ պետական ծառայողի ընտանիքի անդամի վրա, ինչը 30 տարվա ազատազրկում է նախատեսում։ Դատարանում Դեփեփին մեղքը չի ընդունել։
Փոխանցում է tass.ru-ն։