‘
Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն Մեծ Բրիտանիայում կարող է անցկացվել արդեն 2016 թ.: Այդ մասին այսօր գրել է Daily Telegraph-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը մայիսի 7-ին կայացած ընտրություններում վերընտրվել է նոր հնգամյա ժամկետով, «արդեն սկսել է այդ թեման քննարկել իր եվրոպացի գործընկերների հետ»:
Թերթը մեջբերում է հենց Քեմերոնի խոսքը, ով հայտարարել է, թե ինքը «զանգահարել է եվրոպական առաջնորդներից մի քանիսին», որպեսզի բանակցություններ սկսի Բրյուսելին փոխանցված լիազորությունների մի մասը Լոնդոնին վերադարձնելու թեմայով:
Մինչև 2017 թ. վերջը նման հանրաքվե կազմակերպելը Պահպանողական կուսակցության առաջնորդի նախընտրական խոստումներից էր: Ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելուց անմիջապես հետո Քեմերոնը հայտարարել է, որ չի հրաժարվի հանրաքվե անցկացնելու գաղափարից:
Դրանից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բրիտանիայի վարչապետին հրավիրել է Փարիզ՝ քննարկելու միջազգային հարցեր, այդ թվում՝ ԵՄ-ի վերաբերյալ: Փոխանցում է ТАСС-ը:
‘