‘ԶԼՄ. Ենթադրյալ ահաբեկչին պահում են ստորգետնյա բանտում՝ 13 զրահապատ դռների ետևում’

1260

Փարիզում ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը պահվում է բելգիական Բրյուգգե քաղաքի բանտի ստորգետնյա հատվածում, տեղեկացրել է Derniere Heure թերթը:

Սալահ Աբդեսլամը ու ևս չորս կասկածյալներ ձերբակալվել են մարտի 18-ին անցկացված լայնածավալ հատուկ գործողության արդյունքում: Այժմ որոշվում է նրան Ֆրանսիային հանձնելու հարցը:

Պարբերականի տվյալներով՝ բանտի ստորգետնյա հատվածը, որտեղ պահվում է Աբդեսլամը, ունի սեփական բանտապահները և չի ենթարկվում կալանավայրի ընդհանուր ղեկավարությանը: Կասկածյալի բանտախուց հասնելու համար անհրաժեշտ է անցնել մետաղադետեկտորով, 13 զրահապատ դռներով և երեք պաշտպանիչ ճաղավանդակներով:

Կալանավորը բանտախցում է լինում 23 ժամ՝ մեկժամյա զբոսանքը չհաշված: Բանտախուցը չի ջեռուցվում, և այնտեղ գտնվող կահույքի բոլոր առարկաներն ամրացված են գետնին: Պատուհան չկա, դրան փոխարինում է երդիկն առաստաղի վրա: Գիշերը բանտապահը կես ժամը մեկ ստուգում է բանտախուցը՝ միացնելով նեոնային լույսերը: Բանտի այդ հատվածի որոշ խցերում կալանավորները չեն կարող ինքնուրույն քաշել զուգարանի ջուրը, դա միջանցքից անում են բանտապահները:

Միևնույն ժամանակ՝ Աբդեսլամը կարող է հեռուստացույց դիտել, ռադիո լսել և գիրք կարդալ:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարները և Վարդենյաց լեռնանցքը փակ են:’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով’