‘
Թուրքական իշխանությունները պաշտպանության տակ են առել երկրի քաղաքացի Խադիջե Չենգիզին՝ Ստամբուլում սպանված լրագրող Ջամալ Հաշոգիի հարսնացուին՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով: Այդ մասին երեկ հաղորդել է Anadolu գործակալությունը:
Լրատվական գործակալության տվյալներով՝ համապատասխան որոշումը կայացրել է Ստամբուլի նահանգապետի աշխատակազմը: Կինը շուրջօրյա կլինի ոստիկանության հսկողության ներքո:
Հոկտեմբերի 2-ին Հաշոգին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան այցելելուց հետո, որտեղ գնացել էր Թուրքիայի քաղաքացուհու հետ ամուսնությունը ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալու համար: Խադիջե Չենգիզը նրան սպասել էր դիվանագիտական առաքելության մուտքի մոտ, մի քանի ժամ անց նրան հայտնել էին, որ Հաշոգին արդեն լքել է հյուպատոսարանի շենքը: Սակայն կինը պնդում էր, որ նա այնտեղից դուրս չի եկել:
Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, թե Հաշոգին մահացել է հյուպատոսարանում ծագած ծեծկռտուքի արդյունքում: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ ներկա պահին քննության տակ են երկրի 18 հպատակներ, որոնց ինքնությունը չի բացահայտվում:
Փոխանցում է tass.ru-ն:
‘