‘
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է դիտարկել ՌԴ-ի դեմ գաղտնի կիբեռգրոհ անցկացնելու հնարավորությունը՝ ի պատասխան Սոլսբերիում ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի, հաղորդել է Time թերթը՝ հղում անելով բրիտանական կառավարությունում բարձրաստիճան աղբյուրին:
Ինչպես հաղորդել է աղբյուրը, հակերային ծրագրերի կիրառումը «միանգամայն հավանական տարբերակ» կարող է լինել: Նրա փոխանցմամբ՝ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը և Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնը (GCHQ) արագացրել են համատեղ վնասաբեր կիբեռծրագրի մշակումը: Թերթը նշում է, որ կիբեռգրոհը ՌԴ դեմ կարող է «ներառել գրոհ Կրեմլի համակարգչային ցանցի ու կայքերի վրա, որոնք հրապարակում են «ստահոդ լուրեր» և պետության աջակցությունը վայելող կիբեռկեղծարարների ֆաբրիկայի «արտադրանքը»:
Երկուշաբթի ցերեկը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրիտանական հետախուզության համար աշխատող ռուսաստանցի նախկին գնդապետի թունավորմանը նյարդակաթվածահարող նյութով, «ամենայն հավանականությամբ», առնչություն ունի ռուսաստանյան պետությունը: Նա Ռուսաստանին մինչև երեքշաբթի երեկո ժամանակ է տվել մանրակրկիտ պարզաբանումներ ներկայացնելու համար, հակառակ դեպքում՝ խոստացել է ՌԴ-ի դեմ «առավելի լուրջ միջոցներ» կիրառել, քան նախկինում:
Չորեքշաբթի տեղի կունենա Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը «Սկրիպալի գործով», որից հետո Մեյը խորհրդարանում կներկայացնի Ռուսաստանի դեմ կիրառվելիք միջոցները:
ՌԴ ԱԳՆ-ում Մեյի հայտարարությունն անվանել են «կրկեսային շոու բրիտանական խորհրդարանում» և նշել, որ դա սադրանքների վրա հիմնված հերթական տեղեկատվական- քաղաքական կամպանիայի սկիզբն է:
Փոխանցում է ria.ru-ն:
‘