‘
Իրաքի և Սիրիայի տարածքներում գործող «Իսլամական պետությունը» «շուտով դաշինք կկազմի» Սիրիայի կառավարական ուժերի դեմ պայքարող «Ջեբհեթ ան-Նուսրա» («Հաղթանակի ճակատ») կազմակերպության հետ, որը «Ալ-Քաիդայի» ահաբեկչական ցանցի «մասնաճյուղերից» է, տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը:
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» «մտերմացման» մասին, որոնք սկսել էին «գերիներ փոխանակել»: Խոսքն այն մասին է, որ վերջին տարում երկու խմբավորումները մշտապես պատերազմում էին միմյանց դեմ, սակայն այժմ հակված են վերանայելու իրենց փոխհարաբերությունները՝ փոփոխված իրադրության պայմաններում:
Դրա վերաբերյալ նոր փաստեր է ներկայացնում նաև Thy Guardian-ը. «Ջեբհաթ ան-Նուսրայում» թերթի աղբյուրը սոցցանցով հաղորդել է, որ այդ խմբավորման տասնյակ անդամներ անցնում են ԻՊ-ի շարքերը: Բացի այդ՝ ահաբեկչական երկու կազմակերպությունների պարագլուխները նույնիսկ «հանդիպումներ են ունենում ռազմական ծրագրեր կազմելու համար», թեպետ, ձևական տեսակետից, դաշինքի մասին պայմանավորվածություն առայժմ չկա: Որոշ տվյալներով՝ չնայած դրան՝ «Ջեբհաթ ան-Նուսրայի» շատ ստորաբաժանումներ «Սիրիայի հյուսիսում արդեն հաշտվել են ԻՊ-ի հետ», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘