‘
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կարող է ազատ արձակվել միայն դատարանի կողմից սահմանված 125 մլն եգիպտական ֆունտ (16,6 մլն դոլար) տուգանքը վճարելուց հետո: Այդ մասին այսօր հաղորդել է Ուղղիչ հաստատությունների վարչությունը:
Ըստ հաղորդված տեղեկատվության՝ Մուբարաքը վերջին մի քանի ամիսներին գտնվում է Մաադի ռազմական հոսպիտալում և, օրենքի պահանջի համաձայն՝ կրում է բանտային կապույտ համազգետ: «Քանի դեռ նա չի վճարել տուգանքի ամբողջ գումարը, նա համարվում է կալանավոր և չի կարող ազատ արձակվել»,- նշել են վարչությունում և հավելել, որ վճարումն արդեն սկսվել է: Բացի այդ, ինչպես թույլ են տալիս ռազմական հոսպիտալի կանոնները, նախկին առաջին տիկին Սյուզան Մուբարաքը մշտապես ամուսնու կողքին է գտնվում:
Մայիսի 9-ին կոռուպցիայի և պետական միջոցների ապօրինի յուրացման գործով կրկնակի դատավարության ընթացքում Մուբարաքն ու իր երկու որդիները դատապարտվեցին երեք տարվա բանտարկության և 21 մլն եգիպտական ֆունտ (մոտավորապես 3 մլն դոլար) տուգանքի: Դատարանը նաև նրանց պարտավորեցրեց պետությանը վերադարձնել 125 մլն եգիպտական ֆունտ, որն էլ կազմում է յուրացման ընդհանուր գումարը: Փոխանցում է ТАСС-ը:
‘