‘ԶԼՄ-ների ակցիա. Առաջին էջում Տիգրան Առաքելյանը ‘

1347

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղվանից սկսած՝ 6 տպագիր թերթեր լույս կտեսնեն՝ առաջին էջում գրելով «Մենք Տիգրան Առաքելյանին ճանաչում ենք քաղբանտարկյալ և պահանջում ենք անհապաղ ազատել նրան»: Այդ թերթերն են «Չորորդ Ինքնիշխանություն», «Առավոտ», «Ժողովուրդ», «Հրապարակ», «Ժամանակ», «168 Ժամ»:

iLur.am-ի հետ զրույցում «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը այսպես մեկնաբանեց նախաձեռնությանը միանալու որոշումը. ««Ժողովորդ» օրաթերթը Տիգրան Առաքելյանին համարում է քաղբանտարկյալ, որովհետեւ ակնհայտ է, որ նա գործող ռեժիմի զոհն է: Տիգրանին պահում են կալանավայրում միայն այն բանի համար, որ նա ունի ընդդիմադիր կեցվածք եւ իշխանության ներկայացուցիչներից տարբերվող կարծիք: Իրավաբանությունից ու տրամաբանությունից դուրս սարքված այդ գործը պարզապես «կարվեց»՝ այդ պահին ընդդիմության ձայնը լռեցնելու համար, ու ակնհայտ է, որ Տիգրանը չի արել այնպիսի ծանր հանցագործություն, որը արժանի է այդպիսի խիստ պատժի: Նույն իրավապահ կոչվածները, եթե նպատակ ունեն օրենքի գերակայություն սահմանել երկրում, հանցագործներին պետք է այլ տեղ փնտրեն՝ իշխանության բուրգի ներսում՝ ընդ որում, հնարավորինս բարձր դիրքերում: Ես պարզապես ամաչում եմ, որ Տիգրան Առաքելյանը 21-րդ դարում բանտարկված է մնում ակտիվ գործունեություն ծավալելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը վաղվանից սկսած՝ ամեն համարում հրապարակավ պահանջելու է ազատ արձակել Տիգրան Առաքելյանին»:

Թովմասյանը նաեւ նշեց, որ իրենք այդ ակցիան շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ Տիգրան Առաքելյանին չազատեն:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ այսպես մեկնաբանեց ակցիային միանալու դրդապատճառները. «Ես կարծում եմ, որ բոլոր նորմալ քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական համոզմունքներից եւ անձնական նախասիրություններից, պետք է այնպես անեն, որ Հայաստանում քաղբանտարկայլներ չլինեն: Իսկ` որ Տիգրանը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով, ապացուցվում է թեկուզ նրանով, որ իշխանությունը համառորեն նրան պահում է անազատության մեջ` ի հեճուկս մի քանի տասնյակ հայտնի քաղաքացիների երաշխավորությունների»:

Աբրահամյանը եւս նշեց, որ ակցիան կշարունակեն այնքան, մինչեւ Տիգրան Առաքելյանին ազատ չարձակեն:

Հավելենք, որ վաղվանից iLur.am-ը եւս միանալու է այդ նախաձեռնությանը՝ «Մենք Տիգրան Առաքելյանին ճանաչում ենք քաղբանտարկյալ և ապահանջում ենք անհապաղ ազատել նրան» կոչով:

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԴԾ. Սիրիայում ռուսաստանցի վարձկաններ կան’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կաթվածահար է արել Գյումրին’