‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կայանա դիվանագիտական բոլոր արարողակարգերի պահպանմամբ, տեղեկացնում է Associated Pressը՝ հղում անելով ամերիկյան անանուն պաշտոնյաների:
AP-ն նշում է, որ ամերիկյան վարչակազմում խորը տարաձայնություններ կան, թե Մոսկվայի հանդեպ Վաշինգտոնն ինչ մոտեցում պետք է ունենա ԱՄՆ-ում «Ռուսաստանի հետ կապերի» վերաբերյալ հետաքննության թեժ պահին, իսկ Թրամփի և Պուտինի հավանական հանդիպումն ավելի է խորացնում այդ տարաձայնությունները: Նախագահի շրջապատի անձանցից շատերի կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է հեռավորություն պահպանի Ռուսաստանից և գործի մեծ զգուշավորությամբ: Մինչդեռ Թրամփը և նրա թիմից էլի մի քանիսը պնդում են Պուտինի հետ լիարժեք երկկողմ հարաբերությունների անհրաժեշտությունը:
Ինչպես ընդգծում է լրատվական գործակալությունը, խորհրդականներից ոմանք Թրամփին խորհուրդ են տալիս Ռուսաստանի առաջնորդի հետ անցկացնել արագ, ոչ ֆորմալ հանդիպում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում կամ կազմակերպել «ռազմավարական կայունության հարցերով բանակցություններ» ամերիկյան և ռուսաստանյան պատվիրակությունների միջև, որը չի ենթադրում նախագահների ներկայությունը:
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել է, որ չի բացառում Թրամփի և Պուտինի հանդիպումը հուլիսի 7-8-ին Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» շրջանակներում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘