‘
ԱՄՆ իշխանությունները հավաքագրել են կուբացի հանրահայտ ռեփ կատարողներին՝ կղզում երիտասարդական ընդդիմադիր շարժում կազմակերպելու նպատակով: Այդ մասին են վկայում ամերիկյան Associated Press լրատվական գործակալության տնօրինության տակ հայտնված փաստաթղթերը:
Ինչպես հինգշաբթի հաղորդել է լրատվական գործակալությունը, մի քանի դրածո ընկերությունների միջոցով գաղտնի ծրագրի իրականացմամբ զբաղվել է Միջազգային զարգացման գործակալությունը, որը մտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի կազմի մեջ: «Ընկերությունները կուբացի երիտասարդներին ընդգրկել են տարբեր նախագծերում, որոնց իրական նպատակը կառավարությանն ընդդիմադիր շարժման ստեղծումն էր»,- նշում է AP-ն:
Ծրագրի իրագործումն սկսվել է 2009 թ., երբ Վաշինգտոնում տեղակայված Creative Associates International ընկերությունն սկսել է Կուբայում առաջ մղել Los Aldeanos հիփ-հոփ խմբին: Ամերիկյան ընկերությունը տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել խմբի հեռուստատեսային ծրագիրն ստեղծելու և DVD տեսաերիզների ընդհատակյա տարածումն ապահովելու համար: Իր ծառայությունների դիմաց ամերիկյան կազմակերպությունը կառավարությունից ստացել է մի քանի միլիոն դոլար:
Սակայն AP-ն նշում է, որ որոշ ժամանակ անց Կուբայի իշխանությունները սկսել են ձերբակալել գաղտնի գործողության մասնակիցներին, և Վաշինգտոնը փակել է այդ ծրագիրը՝ դրա մեկնարկից ընդամենը երկու տարի անց: «Ծրագիրն իրականացվել է ապաշնորհ կերպով և ապշելու աստիճան անարդյունավետ է եղել: Դրանում մասնակցած երաժիշտներից ոմանք ստիպված են եղել հեռանալ Կուբայից»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է AP-ն:
‘