‘
Ամերիկյան KITV4 հեռուստաալիքը տեղեկացրել է, որ նախագահ Բարաք Օբաման, հնարավոր է, միլիոնավոր դոլարներ արժեցող առանձնատուն է ձեռք բերել Հավայան կղզիների Հոնոլուլու կղզում:
«Հայտնի Ուեյմանալո առանձնատունը վաճառվել է, բայց հարցն այն է, թե ով է այդ բազմամիլիոնանոց առանձնատան իրական գնորդը: Շրջանում տարածված լուրերում հնչում է նախագահ Օբամայի անունը, և դրա առիթը կա»,- հաղորդել է հեռուստատեսության հաղորդավարը:
Լուրերի համար առիթ է ծառայել այն բանի պաշտոնական հաստատումը, թե առանձնատունը գնել է Waimanalo Paradice LLC ընկերությունը, որի ետևում ոմն Սեթ Մադորսկի է կանգնած՝ իրավաբան Չիկագոյից, ով «քաղաքական կապեր ունի ամերիկյան առաջնորդի հետ», ասվում է հեռուստատեսության ռեպորտաժում:
Հեռուստատեսության կողմից անցկացված հարցման ընթացքում տեղի բնակիչները միանշանակ չեն ընդունել այն լուրը, թե իրենք ապրելու են բարձրաստիճան անձնավորության հարևանությամբ: «Նրան մշտապես կհսկեն գաղտնի ծառայությունները, ճանապարհային սահմանափակումներ կլինեն»,- ասել է տեղացիներից մեկը: «Ես շատ ոգևորված եմ, ես Օբամայի ֆանատն եմ, դա հրաշալի կլինի թե Ուեյմանալոյի և թե նահանգի համար»,- ասել է մեկ ուրիշը:
Հայտնի է, որ առանձնատունը կառուցվել է 1933 թ.: Նրա երեք ակր տարածքում կան թենիսի խաղահրապարակ, նավակային տնակ և առանձին կառույցներ: Վերջերս առանձնատունը վաճառվել է 8,7 մլն դոլարով, որից հետո լուրեր են տարածվել, թե այն գնել է Բարաք Օբաման, որը հաճախ է հանգստանում Հավայան կղզիներում:
Judical Watch կազմակերպությունն անցյալ շաբաթ մամուլին հայտնել է, որ 2014 թ. դեկտեմբերին Հավայան կղզիներում Ծննդյան տոների ընթացքում ԱՄՆ նախագահի ընտանիքի ծախսերը հարկատուների վրա նստել են 3,7 մլն դոլար: Փոխանցում է ria.ru-ն:
‘