‘Զյուգանովը ԱՄՆ սպանված դեսպանին համեմատել է «ամենավերջին շան» հետ:’

753

Միացյալ Նահանգները վրդովվել է ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովի թվիթերյան գրառումից, որում նա Լիբիայում զոհված ամերիկացի դեսպանին համեմատում է «ամենավերջին շան» հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, տեղեկացնում է «Коммерсантъ» թերթը, որը նաև պարզել է, որ այս գրառմանն արդեն ծանոթացել են թե ԱՄՆ պետդեպարտամենտում և թե նախագահի աշխատակազմում:

Սեպտեմբերի 14-ին՝ Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի զոհվելուց երկու օր անց, Զյուգանովի բլոգում տեղադրվել է հետևյալ գրառումը. «Լիբիայում ամերիկյան դեսպանին գնդակահարել են՝ ամենավերջին շան պես: Դա լիբիական «հեղափոխության» գծով գլխավոր մասնագետն էր: Նա հնձեց այն, ինչ ցանել էր»:  Twitter-ում Զյուգանովի բլոգը վարում է նրա մամլո ծառայության աշխատակից Դենիս Պարֆյոնովը, սակայն վերջինս հայտարարել է, որ ինքը պատասխանատու է միայն տեխնիկական մասի համար, իսկ բոլոր գրառումները Զյուգանովն անձամբ է իրեն թելադրում: «Մենք բառ առ բառ փոխանցում ենք այն, ինչ ասում է Գենադի Անդրեևիչը, ինքնագործունեությամբ չենք զբաղվում»,- հայտարարել է Պարֆյոնովը:

Զյուգանովի արտահայտություններին դեռևս պաշտոնական արձագանք չի հետևել, սակայն թերթի աղբյուրները՝ թե Պետդեպից և թե նախագահի աշխատակազմից, հավաստիացրել են, թե միջոցներ ձեռք կառնվեն՝ ի պատասխան ՌԴԿԿ առաջնորդի խոսքերի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգտոնի  պատասխանը կհետևի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, ընդ որում՝ անկախ այն բանից, թե Սպիտակ տանը կշարունակի պաշտոնավարել դեմոկրատ Բարաք Օբամա՞ն, թե՞ նրան կփոխարինի հանրապետական Միթ Ռոմնին: Ռոմնիի հաղթանակի դեպքում, ենթադրել են թերթի աղբյուրները, Գենադի Զյուգանովի նակատմամբ  կարող են «ցուցադրական պատժամիջոցներ» կիրառվել, որպեսզի այլ երկրների քաղաքական գործիչներին  հասկացնեն, որ ԱՄՆ-ը թույլ չի տա անպատիժ կերպով վիրավորել իր երկիրը և իր քաղաքացիներին: 

Նախորդ հոդվածը‘Դավութօղլուն Կանադայում կմասնակցի հայ վրիժառուի ձեռքով սպանված թուրք դիվանագետին նվիրված հուշարձանի բացմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը «ատկատների» գործով նյութեր չի ստացել ‘