Զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի

251

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում:

«Այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող և 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով՝ ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ:

ԱԽ-ի տարածած հաղորդագրության մեջ նաև հիշեցվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են 36 բնակավայր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց:  Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Նախորդ հոդվածըՎեսթմինսթերյան աբբայությունում ղողանջում է զանգը
Հաջորդ հոդվածը«Բավարիան» դիտարկում է Թոմաս Տուխելի թեկնածությունը