‘
Հունիսի 30-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ:
Դեսպանին հետաքրքրում էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման օրակարգը, թե ինչ խնդիրներ է տեսնում հայկական կողմը, որոնք կարող են հիմք հանդիսանալ Հայաստան-ԵՄ երկխոսությունը շարունակելու համար: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ խոսելով Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ: Զոհրաբյանը հույս է հայտնել, որ թե ԵՄ-ն, թե Հայաստանում եվրոպական օրակարգով հետաքրքրված քաղաքական ուժերը կանեն հնարավորը՝ Հայաստան-ԵՄ օրակարգը դինամիկ զագացնելու եւ շարունակելու համար: Դեսպան Քեթրին Լիչը ողջունել է ԲՀԿ-ի անդամակցումը Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների մեծ ընտանիքին՝ հույս հայտնելով, որ ինչքան մեծ թվով հայաստանյան կուսակցություններ ինտեգրվեն եվրոպական մեծ ընտանիքներին, դրանից մեծապես կշահի Հայաստան-Եվրամիություն օրակարգը:
Կողմերը քննարկել են նաեւ ԱԺ ոչ իշխանական քառյակի գործունեությանը եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր, անդրադարձան ընտրական օրենսգրքի եւ մի շարք օրենքներում կատարված փոփոխություններին, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:
‘