‘Զոյա Թադեւոսյան. Հասարակությունը պետք է բողոքի ալիքով դիմավորեր Ս.Սարգսյանի արտահայտությունը’

1491

Հայ ազգային կոնգրեսի անդամ, ԿԸՀ նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը iLur.am-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց Գյումրիում Սերժ Սարգսյանի արած, իր խոսքով խոսքով, «զզվելի եւ ամոթալի» հայտարարության համար:

Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթելու իր շանսերի մասին խոսելիս, նախագահի թեկնածուն վստահեցնում է, թե ընտրություններում հաղթելու խնդիր չունի: «Շանսը ո՞րն ա, իմ շանսը… 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա: Ինչքան ուզես՝ էնքան խփենք», — GalaTV-ի լրագրողուհուն «դու»-ով դիմելով՝ ասում է Սերժ Սարգսյանը:

Թեեւ երիտասարդները վերջին օրերին Սերժ Սարգսյանի «թողարկած գոհարներին» հումորով են նայում, բայց տիկին Թադեւոսյանը ցավ է ապրում դրա համար:

«Ամաչում եմ, երբ մտածում ես, որ Հայաստանի նախագահի թեկնածուի բառապաշարի մեջ կարող է լինել «խփել» բառը: Ես տեսել եմ Կարեն Դեմիրճյանի, դրանից հետո՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարումը՝ բարձրակարգ մարդիկ, ինտելեկտուալներ: Դրանից հետո նման խոսելաոճ տեսնելն ինձ համար ողբերգություն է: Եթե փողոցում մի հարբած, թմրամոլ շրջմոլիկ ասեր, այդ դեպում էլ տհաճ կլինի, ուր մնաց՝ նախագահի թեկնածուի բերանից», — նշեց Զոյա Թադեւոսյանը:

ԿԸՀ նախկին անդամ Զոյա Թադեւոսյան կասկած չունի, որ Հանձնաժողովն իր ներկա կազմով ոչ միայն չի քննելու թեկնածուի «նման ամբարտավան պահվածքը», այլեւ օժանդակելու է, որ Սերժ Սարգսյանը «խփի» պահանջված տոկոսները:

«Կարծում եմ, որ անկախ հանձնաժողովն անպայման պետք է անդրադառնար այս միջադեպին, եւ ոչ միայն հանձնաժողովը՝ ողջ հանրությունը պետք է բողոքի ցույցի դուրս գար, որպեսզի այդ նախագահի թեկնածուն՝ օգտվելով իր պաշտոնի ընձեռնած հնարավորություններից, չկարողանա հերթական անգամ «խփել» ու նստել նախագահի աթոռին: Սակայն ԿԸՀ-ն, ցավոք, անկախ մարմին չէ եւ գործում է այնպես, ինչպես կհրամայեն իրեն՝ մեկ կենտրոնից եւ մեկ զանգով», — նշեց տիկին Թադեւոսյանը:

Ըստ նրա, եթե հասարակությունն նման խայտառակության դեմ փողոց դուրս չի գալիս, պետք է տանը մնա նաեւ ամսի 18-ին, «քանի որ իշխանությունների խնդիրն է՝ արդեն ընտրացուցակներում «նկարված» 2 մլն 500 հազար ընտրողների գոնե 50 տոկոսին տեղամասեր բերել»:

iLur.am-ը փորձեց Սերժ Սարգսյանի արտահայտության վերաբերյալ ստանալ նաեւ ԿԸՀ մեկնաբանությունը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, նախ, բարեհաճորեն համաձայնեց պատասխանել մեր հարցերին, ապա, տեղեկանալով հարցի էության մասին, նշեց, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս, եւ առաջարկեց դիմել ԿԸՀ լրատվական ծառայություն:      

 

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Մանչինի. Այլեւս չեմ հանդուրժելու խաղացողների նման վերաբերմունքը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Թուրք-սիրիական սահմանի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր’