‘Զոյա Թադեւոսյան. Տարաձայնությունները կհարթվեն, իսկ պայքարը շարունակվում է ‘

1256

Ասում է Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ներկայացուցիչ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Զոյա Թադեւոսյանը

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք վերջին շրջանում Կոնգրեսի շուրջ ստեղծված իրավիճակը, Կոնգեսին  քննադատում են ոչ միայն Կոնգրեսից դուրս եկածները, այլեւ ներսից՝ տարբեր անդամներ:

-Քննադատությանը, որպես առաջընթացի գործոնի՝ վերաբերվում եմ շատ լավ: Այն ընդունելի է, հատկապես՝ երբ քննադատությանը զուգահեռ՝ մատնանշվում են կոնկրետ քայլեր, ուղիներ, մոտեցումներ՝ սխալներն ու բացթողումները շտկելու, միասնաբար ստեղծված «քննադատելի» իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ: Հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ-ին ոչ պակաս պարբերականությամբ քննադատում են ՀԱԿ-ի մաս կազմող այն քաղաքական ուժերը, որոնց վերջին անգամ տեսել ենք Հռչակագիրը ստորագրելու օրը:

Ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանք է ստեղծված իրավիճակը:

-Ստեղծված իրավիճակն ունի բազմաթիվ մեկնաբանություններ, որոնց ծանոթ ենք ՀԱԿ-ից դուրս եկածների հայտարարություններից, հարցազրույցներից, մեր գործընկերների գնահատականներից: Ամեն դեպքում՝ տարբեր գաղափարական ուղղվածություն, քաղաքական կշիռ ունեցող ուժերի միավորումը «մեկ հարկի տակ» անխուսափելիորեն, վաղ թե ուշ, կհանգեցներ տարաձայնությունների, անհամաձայնությունների: Տարաձայնություններն ու անհամաձայնությունները կատարելագործվելու, ուժեղանալու, ճգնաժամը հաղթահարելու հզոր գործիք են: Մենք իրավունք չունենք կրկնօրինակելու իշխող քաղաքական ուժի «դասական» օրինակը, որտեղ մեկն ասում է՝ մյուսները թութակի պես կրկնում են, միաձայն կողմ քվեարկում ժողովրդի դեմ ուղղված օրենքների ու որոշումների ընդունմանը, որտեղ պարտակվում է ակնհայտ հանցագործությունը: Մենք մերժում ենք այդ ուժի ներսում առկա պերմանենտ լճացման վիճակի ներմուծումը ՀԱԿ:

Ինձ մտահոգում է միայն այն, որ տարաձայնությունների և անհամաձայնությունների հորձանուտում երբեք չի կարելի մոռանալ, որ մենք փշրում ենք շարքային քաղաքացու հավատը, որ մեր միասնականությունը այդ քաղաքացուն օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Սարյանի պուրակում ամենօրյա զբոսանքի մասնակիցների հույսի վերջին ճրագն ենք մենք: Կոնգրեսը մեր տունն է, մեր տան պրոբլեմները կարող ենք լուծել փակ դռների հետևում:

Տեսակետներ կան, թե Կոնգրեսն այսպես աստիճանաբար  թուլանում է, համենայն դեպս՝ իր նախկին ազդեցությունը չունի:

-Քաղաքական դաշտում առկա է միասնական, ֆենոմենալ ընդդիմություն, ինչը նորանկախ հանրապետության ձևավորումից ի վեր եղել է տարբեր ժամանակների ընդդիմադիր քաղաքական ուժերի երազանքը: Միասնական ընդդիմության առկայությունը բավականին լուրջ սպառնալիք է գործող հանցագործ իշխանությունների համար: Հետևաբար՝ նրանց խնդիրը Կոնգրեսի ազդեցության թուլացման մասին վայնասուն բարձրացնելն է և հասարակության մեջ Կոնգրեսի նկատմամբ վստահությունը թուլացնելը: Ունենալով տեղեկատվության տարածման բոլոր հնարավոր ռեսուրսները՝ իշխանություններին դա մասամբ հաջողվում է: Սակայն Կոնգրեսի թուլանալը պետք է առաջին հերթին մտահոգի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:

Ե՞ւ, ձեր կարծիքով` մտահոգո՞ւմ է քաղաքացուն, թե՞ նա հաշտվել է իրավիճակի հետ, մտածում է՝ հերթական ընդդիմադիր միավորումն էլ ավարտվեց

-Ես վստահ եմ, որ որևէ հասարակության մեջ անհնար է համակերպվել անարդարության, կեղծիքի, պետական մակարդակով իրականացվող հանցագործության, թալանի, կոռուպցիայի, անպատժելիության հետ: Նշածս ահավիրքներին կարող է դիմակայել միայն ընդդիմադիր քաղաքական դաշտը՝ քաղաքացու աջակցությամբ:

Տեսակետ կա, որ Կոնգրեսի հետ կապված խնդիրները սկսվեցին ԲՀԿի հետ համագործակցությունից, հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո: Քննադատության հիմնական մեխն այսօր շեշտվում է այդ ուղղությամբ, որ Կոնգրեսին ԲՀԿն է կլանել:

-Կոնգրեսը համագործակցել է ԲՀԿ-ի, ինչպես նաև Դաշնակցության հետ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների դեմ պայքարելու նպատակով: Լավ, եթե ԲՀԿ-ն մեկ անգամ եղել է իշխանական կոալիցիայի մաս, իրավունք չունի՞ վերանայելու իր դիրքորոշումը: Այն, որ այսօր ԲՀԿ-ն չի պաշտպանում ֆավորիտին՝ արդեն հսկայական նվաճում է:

Ձեր կարծիքով, ինչո՞վ կվերջանա այս ամենը:

-Տարաձայնությունները կհարթվեն, իսկ պայքարը շարունակվում է:

 

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ամենահարուստ թեկնածուն է. Նա հայտարարագրել է 108 միլիոն դրամ և մշակութային արժեքների մեծ հավաքածու (թեկնածուների հայտարարագրերը)’
Հաջորդ հոդվածը‘«Ես անփորձ պոլիտիկոս եմ». Խայտառակ թարգամություն Իվանիշվիլիի ու Սարգսյանի ասուլիսի ժամանակ (տեսանյութ)’