‘Զոյա Թադևոսյան. Տարոն Մարգարյանը անմասն չէ այս իշխանությունների հանցագործ գործելաոճից’

2180

iLur.am-ի հարցերին պատասխանում է մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակի 2-րդ տեղում գտնվող Զոյա Թադևոսյանը:

-Տիկին Թադևոսյան, որքանո՞վ եք կարևորում մայիսին սպասվող Երևանի ավագանու ընտրությունները:

— Երևանի ավագանու ընտրությունները ոչնչով չեն տարբերվում Ազգային ժողովի ընտրություններից: Սրանք մի քիչ ավելի փոքր մասշտաբի ընտրություններ են, որովհետև, ինչպես գիտեք, բոլոր այն կուսակցությունները, որոնք ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններում, դրանք համամասնական ցուցակներով ներկայացված կուսակցություններ են: Հետևաբար, եթե ընտրությունները տեղի են ունենում այդ ֆորմատով և քաղաքական ուժերի ներկայացմամբ, դա արդեն քաղաքական բնույթի միջոցառում է, և նսեմացնել նրա քաղաքական դերակատարությունը՝ առնվազն պետք է միայն Հանրապետական կուսակցությանը, քանի որ նրանք ցանկանում են իրենց թեկնածուին ներկայացնել այն հանցագործություններից, անօրինականությունից, ընտրակեղծիքներից, կոռուպցիայից, ավազակապետական վարքագծից դուրս, որպեսզի քիչ թե շատ ձայներ կարողանան ապահովել Երևանում, բայց իրականությունն այն է, որ Տարոն Մարգարյանը զերծ չէ այս իշխանությունների հանցագործ գործելաոճի մեջ մասնակցությունից և ավելին՝ նա օգնում է այս իշխանություններին: Օգնում է, որպեսզի նրանք կարողանան Երևան քաղաքում, որտեղ հանրապետության բնակչության գերակշիռ մասն է բնակվում, որտեղ կենտրոնացված են բոլոր այն ռեսուրսները, որոնք կարելի է յուրացնել, թալանել, վերաբաշխել, տարածքների ձևով, շենքերի կառույցների ձևով: Այդ ամենին օգնում է հենց Տարոն Մարգարյանը: Ուստի Տարոն Մարգարյանը պատասխանատվություն է կրում նաև այս իշխանությունների գործած հանցագործությունների համար: Կարծում եմ, որ այս ընտրություններում, այո՛, ընդդիմությունը պետք է հաղթի, պարտավոր է հաղթել և դրան կաջակցի նաև քաղաքացին, Երևանի ազնիվ քաղաքացին, ում համար թանկ է քաղաքը, ում համար թանկ է հանրապետության ճակատագիրը, ում համար մայրաքաղաք ասվածը իրականում այն բարձրագույն արժեքն է, որի բնակիչը արժանապատիվ պետք է լինի: Եվ այդ արժանապատիվ քաղաքացին կգնա և մայիսի 5-ին ձայն կտա Հայ ազգային կոնգրեսին, որովհետև Հայ ազգային կոնգրեսի ցուցակում ներկայացված մարդիկ ազնիվ, են անշահախնդիր են, անկաշառ են և ամենակարևորը՝ պրոֆեսիոնալներ են, բանիմացներ են, նրանք սիրում են մարդուն, նրանք պատրաստ են մարդու, քաղաքացու համար շատ զոհողությունների գնալ: Եվ դրա ապացույցը այն հինգ տարիներն են, որի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի այս երիտասարդները, ովքեր ներկայացված են ցուցակում, ցուցադրել են իրենց վարքագծով, որ, այո՛, պատրաստ են պայքարելու խոսքի ազատության համար, այն բոլոր տնտեսական հանցագործությունների դեմ, որը շարունակական բնույթ ունի այս երկրում՝ կապված Դալմայի  այգիների, Բյուզանդի փողոցի այդ «հանրային գերակա շահ» ասվածի հետևանքով տուժածների կողքին կանգնելու հետ: Մշտապես ՀԱԿ-ը եղել է նրանց հետ, եղել է բոլոր տուժածների հետ, եղել է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողքին, ում շահն է ոտնահարվել: Ուրեմն, գործով մենք ապացուցել ենք. արժանի ենք լինելու այս քաղաքային իշխանությունների հիմնական դերակատարը, պատրաստ ենք վերցնելու իշխանությունը և կատարելու այն բոլոր ծրագրային հիմնադրույթները, որը մենք ներկայացրել ենք: Որպես կանոն, երբ քաղաքական ուժերը հանդիպում են բնակչության հետ, ներկայացնում են իրենց ծրագրերը՝ մենք ունենք այսպիսի ծրագիր, այնպիսի ծրագիր, պատրատս ենք սա անելու, սա անելու, սա անելու…Այն, ինչ որ գրված է ծրագրում, դա մի հարց է, այն, ինչ որ պետք է անեն քաղաքական ուժերը, լրիվ մեկ այլ հարց է: Ծրագիր կարելի է շատ լավ գրել, լավ ծրագիր գրելու համար մենակ փողն էլ բավական է: Փող ես վճարում, մեկը քո փոխարեն գրում է այդ լավ ծրագիրը և ասում ես՝ ահա՛, տեսեք, ձեզ համար ինչեր ենք անելու: Կարծում եմ, որ այդ ծրագրերը չէ, որ ժողովրդին պետք է ուղղորդեն ընտրելու այս կամ այն քաղաքական ուժի միջև: Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի մարդու միջև: Պետք է վստահի այն ուժին, որի կողմից ներկայացված ցուցակում արժանավորներն են, պրոֆեսիոնալներ են: Եվ այդ առումով մեր ցուցակի առաջին համարը և ցուցակում ընդգրկված 42 անձինք ավելի շահեկան վիճակում են: Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը գնա և իր վստահության քվեն տա Հայ ազգային կոնգրեսին՝ դրանով իսկ ստեղծելով իր համար ապագան ավելի լավը տեսնելու հնարավորությունը:

-Ինչպե՞ս եք գնահատում Կոնգրեսի շանսերը՝ հաշվի առնելով, որ  ընտրակեղծիքները, մեղմ ասաց, բացառված չեն:

-Կեղծիքներ նախապատրաստվում են, որ լինեն: Ցուցակներ են կազմում, մարդկանց վախեցնում են, տարբեր տիպի այդ իրենց տեխնոլոգիաներն իշխանություններն օգտագործում են, բայց մենք պետք է կարողանանք կանխել այդ կեղծիքները և նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ այնտեղ, որտեղ Հայ ազգային կոնգրեսը հանձնաժողովներում ներկայացված էր, չկարողացան կեղծիքներ անել կամ դրանք նվազագույնն էին և ընտրության վերջնական արդյունքների վրա էական ազդեցություն չունեցան: Այսինքն, եթե տեղամասում մի քանի ուրիշի փոխարեն քվեարկություն եղել է, որը չեն նկատել հանձնաժողովականները, միևնույնն է, ընդդիմության թեկնածուն այդ տեղամասում հաղթել է: Կարծում եմ, որ մենք պետք է ամբողջ ճակատով կարողանանք պահել ձայները տեղամասերում, ինչը անելու ենք, հաստատակամ  ենք, ունենք ուժեղ թիմ, բանիմաց թիմ և այդ պարագայում մենք հաստատ հաղթելու ենք: Այս իշխանություններին ժողովուրդը չի վստահում, այս իշխանություններին ատում է ժողովուրդը և չի գնալու նրանց մեկ անգամ ևս տալու հնարավորություն իրենց թալանելու, կեղեքելու, նվաստացնելու, դարձնելու գաղթական:

-Ավագանու ընտրություններից առաջ ընդդիմությունը չմիավորվեց ու միասնական ցուցակով չմասնակցեց ընտրություններին: Որքա՞ն է հավանական, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը միասնական կլինեն ընտրակեղծիքների դեմ պայքարում:

-Պարտավոր են պայքարել: Եթե յուրաքանչյուրն իր ձայնի համար պայքարի, վերջին հաշվով բոլորը պայքարած կլինեն ձայների իրական լինելու համար: Եթե Դաշնակցությունը նկատի՝ մեկը ուրիշի փոխարեն քվերակում է, հաստատ կբարձրաձայնի, դա ձեռնտու է նաև ՀԱԿ-ին և մնացած ուժերին: Ձեռնտու չէ իշխանական կուսակցությանը, ուստի անկախ նրանից՝ նրանք միասնական որոշում կունենան, թե ոչ, միևնույնն է, տեղամասերում հենց այդպես էլ պայքարելու են: Ուրիշ ճանապարհ չունեն:

-Կոնգրեսի ցուցակի ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են: Մի փոքր ռիսկային քայլ չէ՞ր վստահություն ձեռք բերելու առումով:

-Իհարկե ռիսկային չէր: Ռիսկային չէ այն առումով, որ նախ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ ավագանու թեկնածու կարող է լինել 21 տարեկան և բարձր տարիքի անձը: Մեր ցուցակի միջին տարիքը 30-ն է: Նրանք երիտասարդ են, հետևաբար ունեն պայքարելու, աշխատելու, փոխելու մեր իրականության մեջ շատ ու շատ հարցեր, նրանք հաստատակամ են, ուժեղ են, անցել են այնպիսի քաղաքական ճանապարհ, որ նրանց որևէ կերպ փոխել դեպի վատը որևէ մեկը չի կարող: Նրանք արժանապատիվ քաղաքաղացիներ են, կրթված են, զարգացած են, սիրում են Հայաստանը, սիրում են Երևանը, սիրում են այն քաղաքական թիմը, որի անդամներն են: Եվ վստահ եմ, որ իրենց տարիքը այն տարիքն է, որը կոչվում է հեղափոխական բարեփոխումներ իրականացնողի տարիք: Աշխարհում բոլոր հեղափոխությունների առաջնամարտիկները եղել են երիտասարդները: Այսօր, այո՛, մենք գնում ենք հեղափոխության, հեղափոխության ենք գնում կատարելու մարդկանց գիտակցության մեջ, նրանց հավատացնելու, որ այս երիատասարդությունը տարիներ շարունակ եղել է քո բոլոր ձախողումների կողքին, եղել է քո միակ պաշտպանը, եղել է քո միակ հովանավորը, քո հենարանը, ուրեմն այսուհետև ևս կլինի այդպես, ուրեմն գնացեք, սիրելի՛ քաղաքացիներ, ու վստահեք այս երիատասարդներին: Նրանք ամեն ինչով լավն են, նրանք և՛ գեղեցիկ են, և՛ արդար են, և՛ օրինապաշտ են, և ամենակարևորը՝ խելացի են, շատ խելք ունեն և այդ խելքը միայն ի բարին են օգտագործում: Ես հպարտանում եմ այդ ցուցակով, ես սիրում եմ այդ ցուցակը և ես ուզում եմ, որ իմ երեխաների, իմ թոռների ճակատագիրը որոշեն այդ երեխաները:

Զրուցեց Արա Հարությունյանը

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կրամնիկ. Ես եւ Արոնյանը Կառլսենին չենք զիջում’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա»-«Բարսելոնա», «Բորուսիա»-«Ռեալ». Եվրոգավաթների վիճակահանության արդյունքները’